Sunday, December 4, 2011

Իսրայելի Կնեսետի հանձնաժողովը խոսնակի խնդրանքով հետաձգել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը

News.am. 3-12-2011- Իսրայելի Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը խոսնակի խնդրանքով Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկումը հետաձգել է մինչեւ դեկտեմբերի կեսերը, քանի որ Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը ցանկություն է հայտնել ներկա լինել այդ նիստին:
Հիշեցնենք, որ Ալեքս Միլլերի գլխավորած հանձնաժողովի նիստը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 5-ին, սակայն դրանից 4 օր առաջ որոշվել է 1-2 շաբաթով հետաձգել քննարկումը, հաղորդում է IzRus պորտալը:
Ալեքս Միլլերը նշել է, որ դեկտեմբերի 5-ին խորհրդարանի խոսնակն արտասահմանում է լինելու, դրա համար որոշվել է հետաձգել այդ հարցի քննարկումը, որ խոսնակը հասցնի վերադառնալ: Միլլերը նշել է, որ ցանկացած պարագայում, Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը տեղի կունենա դեկտեմբերին, նոր ամսաթիվը պարզ կլինի հաջորդ շաբաթասկզբին:
Նշենք, որ նախնական գնահատականներով, հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ է հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Կոալիցոն «Լիկուդ» եւ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունները սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում: Իշխող կուսակցության ներկայացուցիչների զգալի մասը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Իր հերթին, «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության անդամները կտրականապես դեմ են արտահայտվում, նշելով, որ անգամ այդ հարցի քննարկումը վնաս է հասցնում Ադրբեջանի հետ իրենց ռազմավարական համագործակցությանը:
«Ոչ մի շանս չկա, որ Կնեսետը կընդունի ցեղասպանությունը, դա անհնար է: Մենք չենք կարող թույլ տալ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական վիճելի հարցերի պատճառով փչացնենք մեր հարաբերությունները մահմեդական աշխարհում մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի հետ»,-ասել է ԱԳ փոխնախարար Դանի Այալոնը:

No comments: