Saturday, December 3, 2011

Մեծ պետությունները չեն վախենում իրենց պատմությունից. արխիվները թող բացվեն. Աբդուլահ Գյուլ

Bnaban.am. 2-11-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Youtube World View հեռուստաալիքի եթերում պատասխանել է Դերսիմում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ինտերնետ–օգտատերի հարցերին։
Ադրբեջանական Salamnews.org կայքը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հաղորդում է, որ ինտերնետ–օգտատերերին առավել շատ հուզող հարցերից է եղել այն, թե արդյոք բացվելու են դերսիմյան իրադարձությունների մասին փաստաթղթղեր պարունակող պետական արխիվները։ «Պատմության ընթացքում շատ լավ և վատ պահեր են տեղի ունենում, իսկ մեր պատմությունը երկար է։ Դերսիմյան իրադարձությունները շատ տխուր են, և ես խնդիր չեմ տեսնում արխիվների բացման առնչությամբ։ Մեծ պետությունները, երկրները, ժողովուրդները չեն վախենում իրենց պատմությունից։ Մենք միշտ վիճահարույց պահերին բացում ենք արխիվները։ Գլխավորն այն է, որ այդ ամենը բանավեճի թեմա չդառնա, գործիք չդառնա՝ ինչ–որ նպատակների հասնելու համար»,–ասել է նա։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ պաշտոնապես ներողություն խնդրեց նախկին իշխանությունների կողմից 1937-1938թթ. Դերսիմում հիմնականում քրդերի դեմ իրականացված կոտորածի համար։
«Եթե հարկ է Դերսիմի կոտորածի համար պետության անունից ներողություն խնդրել, ես ներողություն եմ խնդրում»,– «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նիստին հայտարարել էր Էրդողանը՝ ցույց տալով այդ կոտորածների մասին վկայող փաստաթղթեր։
«Իմ ձեռքում առկա փաստաթղթում նշվում է, որ 1936թ., 1937թ., 1938թ. և 1939թ. Դերսիմում իրականացված կոտորածներին զոհ է գնացել 13806 մարդ»,– ասել էր Էրդողանը։

No comments: