Friday, December 23, 2011

ՇԱՏԵՐԻ «ԱՉՔԻ ՓՈՒՇ» ԱԴՐԲԵՋԱՆԸ

«ԱԶԳ», 23-12-2011- Տարին ավարտվելու հետ պարզ է դառնում, որ «տնտեսական բում ապրող» Ադրբեջանը միջազգային ասպարեզում ամենեւին էլ այն վարկանիշը չունի, ինչը հասարակությանը ներշնչում են իշխանությունները: Բավական է արձանագրել Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների թեմայով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արտահայտությունները կամ լրագրողների սպանության հարցով եվրոխորհրդարանականների ընդունած բանաձեւը եւ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, որպեսզի հասկանալի դառնա, որ քաղաքակիրթ աշխարհը մեր հարեւան երկիրը դիտարկում է նավթով հարուստ այլ բռնապետությունների հետ նույն հարթությունում:
Ուրվագծվող զարգացումների գոնե տրամաբանությամբ սա նշանակում է, որ Իլհամ Ալիեւին չի հաջողվել «ինդուլգենցիա» կորզել նավթի եւ գազի դիմաց: Այդ մասին մենք մի քանի անգամ արդեն արտահայտվել ենք. շուկայում կամք թելադրում է ոչ թե վաճառողը, այլ գնորդը: Ավելի պարզ եւ դիպուկ (ինչի համար նրան արժե մասնագիտական գովեստ ասել) արտահայտվել է «Զերկալո»-ի մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը` «խենթացած» վերնախավին նկատել տալով, որ «Ադրբեջանն այլընտրանք չունի»: Այսինքն, ստիպված է հարմար գներով նավթ եւ գազ վաճառել, քանի որ այդ երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում ավելի քան 90 տոկոսը ձեւավորվում է միայն նավթագազային ռեսուրսների վաճառահանման հաշվին:
Ճշմարտությունն, իհարկե, միշտ աչք է «ծակում»: Իսկ միջազգային կազմակերպություններն ու մարդու իրավունքների եւ ազատությունների խնդրով շահագրգիռ երկրները չափազանց սառնասրտորեն են Իլհամ Ալիեւին հասկացնում, թե չեն պատրաստվում հանդուրժել նրա «դեմոկրատական բարեփոխումները»: Այս դեպքում ի՞նչ է մնում Ադրբեջանի իշխանություններին:
Միջազգային հանրությանն սպառնալ նրանք չեն կարող: Հնարավորությունների եւ մանավանդ մակարդակի տարբերությունն ակնհայտ է: Ուստի նրանք ընտրել են «վիրավորված բարեկամի» կեցվածքը: Այն հնչեցրել է Իլհամ Ալիեւի աշխատակազմում հասարակական-քաղաքական հարցերի պատասխանատու Ալի Հասանովը: Վերջինս կարծում է, որ «միջազգային կազմակերպությունների կողմից կազմվող վարկանիշների մեծ մասը չի հենվում օբյեկտիվ չափանիշների եւ վերլուծության վրա»:
Հասանովը գտնում է, որ «դա նպատակ ունի»: Եվ այսպիսի «բացատրություն» է հնչեցնում. «Այն դեպքում, երբ աշխարհում գլոբալիզիացիա է ընթանում, եւ պետություններն ուսումնասիրում են այդ գործընթացներին մասնակցության միջոցները, ուղիներն ու մեթոդները, ամեն մի պետության քաղաքականությունն ինչ-որ մեկին չի բավարարում: Նրա կողմից տնտեսության, քաղաքականության եւ սոցիալական ոլորտներում իրականացվող նախագծերը չեն համապատասխանում ինչ-որ մեկի շահերին»:
Այստեղ կարելի էր վերջակետ դնել. «ինքնիշխան երկիր է, ինքն է որոշում` ում հետ ինչ լեզվով խոսել»,- ասել եւ հարցը համարել «փակված»: Խնդիրն այն է, մինչդեռ, որ «ինքնիշխանորեն» խոսելու համար Ադրբեջանը հենց նրանց է պարտական, որ այսօր իրեն քննադատում են: Այն երկրներն ու կազմակերպությունները, որ Իլհամ Ալիեւին բռնապետ, նրա իշխանությունը տոտալիտար են բնութագրում, մեծապես նպաստել են, որպեսզի ադրբեջանական տնտեսությունը «ոտքի կանգնի»:
Եվ հիմա պահանջում են իրենց «չարչարանքի ապաշխարանքը»: Այսինքն, նրանք գիտեն, որ ադրբեջանական հասարակությունը հատկապես իրենց է մեղադրում այն բանի համար, որ այդ երկրում ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները, բացարձակապես չի գործում օրենքը: Ադրբեջանին քննադատող երկրներն ու միջազգային կազմակերպությունները (իսկ դրանք նույնն են) քաջ գիտեն, որ հասունանում է սոցիալական ընդվզում: Եվ իրենց ապահովագրում են նախապես: Ավելին, նրանք որոշակի հիմք են ստեղծում, որ վաղը կանգնեն ոչ թե իշխանությունների, այլ նրանց կողքին, որ միանգամայան հիմնավոր պահանջներով դուրս կգան Իլհամ Ալիեւի բռնատիրական համակարգի դեմ:
Հեռու գնալ պետք չէ. «Մուսավաթ» կուսակցության պաշտոնաթերթն օրերս ղազախական դեպքերին արձագանքել էր շատ դիտարժան վերտառությամբ մի վերլուծականով` «Կասպից ծովի արեւելյան ափին հեղափոխությունն արդեն սկսվել է»: Սա է, ամենայն հավանականությամբ, «շողուլից գցել» Իլհամ Ալիեւի աշխատակազմին: Այնքան, որ վերջինս վերահսկվող լրատվամիջոցներից մեկի լրիվ երկու էջը հանձնարարել էր լցնել մի «անդրադարձով», որտեղ ԽՍՀՄ փլուզման համար պատասխանատվությունը «դրված է ղարաբաղյան շարժման վրա»:
Դրանից մինչեւ կատարյալ խեղկատակություն մնացել է կես քայլ. ինչպե՞ս է Իլհամ Ալիեւը բացատրելու Ադրբեջանի պետական անկախության «վերականգնման» մասին սահմանադրական ակտի այն դրույթը, որտեղ Ադր. ԽՍՀ պատմությունը բնութագրված է իբրեւ «Խորհրդային Ռուսաստանի կողմից անկախ ադրբեջանական պետության տապալում եւ տարածքի անեքսիա»: Գուցե իշխանությունը պահելու համար հարկ է լինելու «սահմանադրական հանրաքվե՞» անցկացնել:
Ադրբեջանի նման «պետության» դեպքում ամեն ինչ հնարավոր է: Բայց չարժե՞ հիշել Աստվածաշունչը: Քրիստոսն ասում է. «Մինչեւ աքլորը երկրորդ անգամ կանչի` դու ինձ կմատնես»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: