Saturday, December 24, 2011

Ինչո՞ւ է «Եվրանյուզը» շրջանցում հենց Ֆրանսիայի դիրքորոշումը հայկական օրինագծի հարցում

News.am. 23-12-2011- «Եվրանյուզ» հեռուստաընկերությունը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը լուսաբանելիս սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերել:
Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը փաստացի շրջանցում է հենց Ֆրանսիայի դիրքորոշումը այդ օրինագծի ընդունման կապակցությամբ: Մինչդեռ թուրքական դիրքորոշումը ներկայացված է բավական մանրամասն ձեւով:
Հեռուստաընկերությունը մեջբերում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, թուրքական գործարարների եւ նույնիսկ օրինագծի ընդունման դեմ ակցիա կազմակերպողների խոսքերը: Հայկական կողմի դիրքորոշումը եւս ներկայացված է հավուր պատշաճի: Միայն Ֆրանսիայի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը շրջանցված է. «Եվ ահա նախագահական ընտրությունների նախօրեին օրենքն ընդունվել է իշխող կուսակցությամբ նախաձեռնությամբ: Ի՞նչ է դա նշանակում: Մեղմե՞լ հայ ժողովրդի տառապանքները: Հերթական փո՞րձը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ, որին Ֆրանսիան չի ցանկանում թողնել ԵՄ, թե՞ նախընտրական մանեւր: Թուրքիայում բնակվող 600 հազար հայերը տնտեսական առումով ավելի մեծ նշանակություն ունեն Ֆրանսիայի համար, քան կես միլիոն թուրքերը»,-հիշեցնում է հեռուստաընկերությունը: Միաժամանակ «Եվրանյուզ»-ը շրջանցում է ինչպես օրինագծի հեղինակների կարծիքը, այնպես էլ Ֆրանսիայի խորհրդարանի մյուս պատգամավորների տեսակետը: Նշենք, որ «Եվրանյուզ»-ի ղեկավարները Թուրքիայի եւ Ադրբեջանի հաճախակի հյուրերն են:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրինագիծը ներկայացվել է կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից: Նրան աջակցել են կառավարող կուսակցության, սոցիալիստական ընդդիմության եւ կենտրոնամետների մեծ մասը: Այժմ օրինագիծը ներկայացվելու է Սենատի քննարկմանը:
Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկումներից հետո ձեւակերպումը փոխարինվել են «օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար պատիժ» ձեւակերպմամբ: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայում ճանաչվել է երկու ցեղասպանություն` Հոլոքոսթը (1990թ. օրենք) եւ Հայոց ցեղասպանությունը (2001թ. օրենք):

No comments: