Saturday, December 3, 2011

ԴԵՍՊԱՆ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ «ՎԱՌՎԵԼ» Է

«ԱԶԳ», 03-12-2011- «Ենի Մուսավաթ» թերթի տեղեկացվածությամբ. «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը խրված է կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ»: Վալեհ անունով մի ադրբեջանցի, որ կարիքից դրդված ապրում եւ աշխատում է Մոսկվայում, թերթին մասնավորապես ներկայացրել է իր հետ կատարվածը: Ըստ այդմ, նա կնոջ արտասահմանյան անձնագրի ժամկետը երկարաձգելու հարցով դիմել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության հյուպատոսական ծառայություն, որտեղ տեւական քաշքշուկից հետո իրեն առաջարկել են «200 դոլար կաշառք տալ, որպեսզի հարցը լուծվի»:
Զահմեթ անվամբ մեկ այլ ադրբեջանցի հայտնել է, որ «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատնից որեւէ տեղեկանք ստանալը, նույնիսկ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի մոտ ընդունելությունը փողով է: Թերթը նաեւ տեղեկություններ ունի, որ ՌԴ-ում եւ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանները «զբաղվում են բիզնեսով», եւ հավելում է, թե «որոշ մանրամասնություններ ճշտելուց հետո այդ տեղեկությունները կհրապարակվեն»:
«Ենի Մուսավաթ»-ն ավելացնում է, որ «խնդրո առարկայի շուրջը ԱԳՆ մամլո ծառայությունից մեկնաբանություն ստանալու ջանքերը հաջողությամբ չեն պսակվել», եւ նկատել է տալիս, թե պատրաստ է «հրապարակել նաեւ հարգելի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու տեսակետը»:
Վերջին ընդգծումն, իհարկե, ունի բացառապես ինքնապաշտպանության նպատակ: Այդուհանդերձ, բացառելի չէ, որ «ռուսաստանյան ուղղությունում» արտաքին քաղաքական ակնհայտ ձախողումներն Իլհամ Ալիեւը փորձի «հիմնավորել» դեսպանի` իր պարտականությունների հանդեպ ոչ պատշաճ ուշադրությամբ:
Ամեն դեպքում Փոլադ Բյուլբյուլօղլիի ձեռնարկատիրական գործունեության եւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունում տիրող կոռուպցիայի եւ կաշառակերության մասին տեղեկությունների հրապարակումն արդեն իսկ ուշագրավ իրողություն է: Մանավանդ որ «Ենի Մուսավաթ»-ը խնդիրը դիտարկում է ԱՊՀ երկրներում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի անարդյունավետության կտրվածքով: Իսկ դա, եթե թերթի աղբյուրները փոխանցել են իրականությունը, վկայում է, որ կոռուպցիան խոր արմատներ ունի Ադրբեջանի պետական կառավարման ողջ համակարգում:

No comments: