Thursday, December 15, 2011

Մ. Հուրբանլի. ԱՄՆ-ն մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերն օգտագործում է ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար

Panorama.am. 14-12-2011- Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրել Բաքվի արտաքին քաղաքականության վրա: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Ցավալի է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր ուղերձում Ադրբեջանի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել»,- հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Հուրբանլին:
«Նման պահանջներով հանդես գալուց առաջ, այդ երկիրը պետք է ինքն օրինակ ծառայի, իսկ ԱՄՆ-ն այս բնագավառում օրինակ չի ծառայում: Քանի որ ԱՄՆ-ն մինչև հիմա չի վավերացրել 1948թ Մարդու իրավունքների հռչակագիրը որպես պաշտոնական փաստաթուղթ»,- նշել է պատգամավորը:
Ըստ նրա, հարց է առաջանում են, թե ինչպես մի երկիր, որը չի ընդունել մի փաստաթուղթ, որում արտացոլվում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար սկզբունքները, կարող է մեղադրել մի ուրիշ պետության մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարման մեջ»:
«ԱՄՆ-ն մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերն օգտագործում է որպես միջոց Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Նպատակը՝ ճնշում գործադրել տարածաշրջանում Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականության վրա»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 9-ին ունեցած իր ելույթում խոսել է տվյալ ոլորտում առկա խախտումների մասին։ Այդ պլանում Քլինթոնը բացասական օրինակների թվում շոշափել է նաև Ադրբեջանի անունը:

No comments: