Saturday, December 3, 2011

Օլիգարխները չդարձան արիստոկրատներ

«Լրագիր» 2-12-2011- Քանի դեռ չկան ՀՀԿ-ի նախընտրական ցուցակները, դժվար է ասել, թե ինչ է մտադիր առաջարկել հասարակությանն այս կուսակցությունը: Իշխանությունը պնդում է, որ ցուցակներում քիչ բիզնեսմեններ են լինելու եւ ավելի շատ երիտասարդներ, եւ երիտասարդ Շարմազանովի առաջադրումը ԱԺ փոխնագահաի պաշտոնին ներկայացվում է որպես դրա առաջին քայլը:
Այդ մասին բաց չի ասվում, սակայն խոշոր բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանին համոզված ֆունկցիոներ Սամվել Նիկոյանով փոխելը նույնպես վերաբերում է փոփոխություններին:
Ըստ ամենայնի, իշխանությունը փորձում է ձեւավորել իշխող արիստոկրատիա: Պարզ է դարձել, որ օլիգարխներին չի բավականացնում ինտելեկտուալ պատրաստվածությունն ու արտաքին փայլը՝ արիստոկրատիա դառնալու համար, եւ որոշվել է առաջ քաշել ավելի ներկայանալի մարդկանց:
Այն, որ քրեականացված օլիգարխիան աստիճանաբար դուրս է մղվելու քաղաքականությունից, կարելի է միայն ողջունել: Սակայն դեռ պետք է տեսնել, թե ովքեր են փոխարինելու դրան: Կոմսոմոլի ոգով աճեցված երիտասարդ կոնյունկտուրիստները դժվար թե որեւէ նոր բան բերեն իրենց հետ: Առավել եւս, որ նրանցից շատերին ներկայիս օլիգարխները փորձում են վարձել եւ ապագա խորհրդարանում օգտագործել որպես ավատար:
Կարող է թվալ, որ այլընտրանք պարզապես չկա: Սակայն Հայաստանում շատանում են երիտասարդները, ովքեր լավ կրթություն են ստացել, մտածում են գլոբալ եւ ինքնուրույն, ունեն լայն աշխարհայացք եւ աշխատելու ցանկություն: Նրանցից շատերը ինչ որ օֆիսներում գլուխ են պահում 200 դոլար աշխատավարձով, շատերը չեն դիմանում ու հեռանում են, ոմանք ստիպված են լինում մի կողմ դնել իրենց գիտելիքը, քանի որ հայկական շուկան չի հանդուրժում երեւակայություն:
Թե ՀՀԿ-ն, թե մյուս կուսակցությունները պետք է որոնեն նման մարդկանց եւ նրանց տան գործողությունների ազատություն, եթե իհարկե ցանկանում են մոդեռնացնել երկիրը: Նրանց պետք է հնարավորություն տալ մշակել ֆանտաստիկ ծրագրեր, գաղափարներ հղանալ: Քանի որ ապագա ունի միայն կրեատիվ քաղաքական ուժը, որն ընդունակ է սեփական ինչ որ բան կերտել:
Իհարկե, կարելի է կոմունիստներին փոխել կոմսոմոլներով, օլիգարխներին՝ նրանց օգնականներով, կարելի է նույնիսկ դատավորներ նշանակել ներկայիս դատախազների որդիներին, սակայն այդպիսով առավելագույնը կարելի է կոնսերվացնել այն ամենը, ինչ կա: Իսկ զարգացման համար բաց դռներ են պետք:
Նաիրա Հայրումյան

No comments: