Sunday, December 4, 2011

Բրիտանիայից հեռացված իրանցի դիվանագետներին հայրենիքում դիմավորել են որպես հերոսների

Մեծ Բրիտանիայից հեռացված իրանցի դիվանագետներին այսօր վաղ առավոտյան հայրենիքում դիմավորել են ծաղկեպսակներով՝ ինչպես հերոսների: CNN-ի հաղորդմամբ՝ նրանց դիմավորելու համար օդանավակայան են եկել մոտ 150 ուսանողներ: Այս միջոցառումը լուսաբանելու համար հրավիրվել են նաև արևմտյան լրատվամիջոցներ, ինչը հազվադեպ է պատահում:
Reuters գործակալության համաձայն` մինչ իրանցի դիվանագետների ու դիվանագիտական ներկայացուցչության աշխատակազմի ժամանումը (ընդհանուր առմամբ 25 մարդ), ուսանողներն օդանավակայանում վանկարկել են «Մահ Բրիտանիային»:
Լոնդոնը նման քայլի է գնացել երեքշաբթի Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա իրանցի ուսանողների հարձակումից հետո` մեղադրելով պաշտոնական Թեհրանին սեփական տարածքում բրիտանական դեսպանատան անվտանգությունը պահպանել չկարողանալու մեջ: Հիշեցնենք, որ երեքշաբթի ծայրահեղ տրամադրված մի խումբ իրանցիներ հարձակվել են բրիտանական դեսպանատան վրա, պոկել ու այրել են բրիտանական դրոշը, փոխարենը կանգնեցրել իրանականը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կարծիքով` նման դեպքը չէր կարող տեղի ունենալ առանց իրանական իշխանությունների աջակցության:
Մեծ Բրիտանիայի և Իրանի հարաբերությունները սրվել են նոյեմբերին, երբ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից հետո Մեծ Բրիտանիան Իրանի նկատմամբ մտցրեց լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ:

No comments: