Sunday, December 4, 2011

Ղարաբաղում կլինի պայթյուն

Ղարաբաղյան ընտրությունների ինտրիգը
«Լրագիր» 3-12-2011- Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը ստվերել է 2012 թ ամռանը Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները: Թերեւս, Ղարաբաղում ներքին քաղաքական իրավիճակն այնքան կանխատեսելի եւ կախված է համարվում Երեւանի ազդեցությունից, որ վերլուծաբանները նույնիսկ անհրաժեշտ չեն համարում այդ հարցին դիմել` այն լուծված համարելով: Մինչդեռ, Ղարաբաղում հասարակական-քաղաքական լրիվ դեգրադացիան հետաքրքիր զարգացումներ է խոստանում, եւ ղարաբաղյան հասարակությունը վերջերս ցույց է տվել, որ փորձում է արթնանալ:
Հոկտեմբեր ամսին կայացած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հաղթել է կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Սուրեն Գրիգորյանը, ով հավաքել է 8,5 հազար ձայն: Սակայն հետաքրքիրն այն է, որ ընտրողների քառորդ մասը քվեարկել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին: Հենց դա խոսում է այն մասին, որ Ղարաբաղի բնակչության նվազագույնը մեկ-քառորդը կցանկանար փոխել ներկայիս «կայուն ապատիայի» վեկտորը եւ մասնակցել որոշումների ընդունմանը:
2005թ Էդուարդ Աղաբեկյանը տարածաշրջանում, թերեւս, միակ քաղաքապետն էր, որ ընտրվել էր ժողովրդավարական քվեարկության միջոցով: Պետք է արժանին մատուցել այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանին, ով, փաստացի, երաշխավորեց իրենց քաղաքապետին ընտրելու ստեփանակերտցիների իրավունքը: Աղաբեկյանը խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր էր եւ կարողացավ հաջողության հասնել այն բանի շնորհիվ, որ մարդիկ զգացին ընտրության ազատությունը:
Ճիշտ է, հետո կառավարությունն ամեն կերպ սոբոտաժի ենթարկեց քաղաքապետարանի աշխատանքը, դոտացիաներ չտրամադրելով զարգացման նախագծերին ու ծրագրերին, սակայն Աղաբեկյանը կարողացավ պաշտոնավարել եռամյա ժամկետը եւ «վերապրեց» այն ժամանակվա վարչապետ Անուշավան Դանիելյանին:
Նոր իշխանությունն ի դեմս նախագահ ընտրված Բակո Սահակյանի, Էդուարդ Աղաբեկյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո նրան փողոցում չթողեց եւ նշանակեց վարչապետի խորհրդական, իսկ քաղաքապետ դարձավ Բակո Սահակյանի աներձագ Վազգեն Միքայելյանը:
Օրերս տեղեկություն հայտնվեց, որ Էդուարդ Աղաբեկյանը հրաժարական է տվել խորհրդականի պաշտոնից, եւ այդ պաշտոնին է նշանակվելու Վազգեն Միքայելյանը: Աղաբեկյանը դեռեւս չի հայտնել ապագա ծրագրերի մասին, սակայն ընտրողներն արդեն ասում են, որ ամռանը եթե նա թեկնածություն դնի նախագահական ըտնրություններում, ապա կարող է իրական այլընտրանք դառնալ:
Էլ ավելի մեծ ինտրիգ կարող է մտցնել Մասիս Մայիլյանի մասնակցությունը, ով 2007 թ առաջադրել էր իր թեկնածությունը, եւ չնայած վարչական ռեսուրսի կոշտ ու բռնի կիրառմանը, ստացել ձայների 13 տոկոսը (չնայած, ոչ պաշտոնական տվյալներով ավելի շատ է հավաքել): Դա իրականում եղել է հաղթանակ:
Նախագահական հավակնությունների մասին կարող է հայտարարել նաեւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով 2007 թ չխախտեց Սահմանադրությունը եւ երրորդ ժամկետի չգնաց: Այժմ նա բոլոր իրավունքներն ունի վերադառնալու:
Բնության օրենքները պնդում են, որ երբ հասարակության ջերմաստիճանը փորձում են արհեստականորեն զրոյի հասցնել եւ սառեցնել հասարակական օրգանիզմի կենսական գործառույթները, հասարակությունը կամ մահանում է, կամ էլ պայթյուն է լինում: Այն, որ ստեփանակերտցիների 25 տոկոսն իր ձայնը տվել է Էդուարդ Աղաբեկյանին, նշանակում է որ ղարաբաղյան հասարակության մահվան մասին խոսակցությունները չափազանցված են, եւ պայթյունը կլինի:
Մարդիկ երկար չեն կարող քարացած ապրել, երբ պատերազմի վերսկսման եւ համաշխարհային վերացական դավադրությունների վախով ժողովրդին զրկում են որոշումներ ընդունելու ազատությունից: Մի անգամ այդ քարացումն անցնում է, եւ ուղեղն արթնանում է: Եվ նախկինում մոնստր թվացողները փոքր մարդուկներ են դառնում:
Նաիրա Հայրումյան

No comments: