«Լրագիր» 31-12-2011- 2011 թվականի քաղաքական տարին ամփոփելու իմաստ չկա: Այդ ամփոփումն ամենից լավ կանի 2012 թվականը: Ընդ որում, խոսքը միայն խորհրդարանի ընտրության մասին չէ: 2012 թվականի քաղաքական գործընթացը դրանով չի ավարտվելու, այլ հակառակը՝ դրանով սկսվելու է, իսկ այդ մեկնարկով էլ թերեւս ավարտվելու է այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում 2011 թվականին:Թվում է, թե 2011 թվականը Հայաստանում 2008 թվականի նախագահի ընտրությունից մեկնարկարծ գործընթացների շարունակության հերթական տարին էր: Իրականում սակայն, 2011 թվականը քաղաքական բոլորովին նոր տարի էր, նոր իրողություններով, նոր իրավիճակով՝ թե ընդդիմադիր դաշտում, թե իշխանության մեջ:
Այստեղ էլ, խոսքն ամենեւին թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց նոր անունների, նոր նշանակումների մասին չէ:
Խոսքը քաղաքական գործընթացի ներքին նոր բովանդակության մասին է: 2011 թվականը թե ընդդիմության, թե իշխանության դաշտում առանձնահատուկ էր հենց դրանով: Առաջին հերթին այն առումով, որ կարծես թե բոլոր սուբյեկտների գիտակցությանը հասավ այդ նոր իրավիճակի իրողությունը: Դա իհարկե ոչ բոլորին է հաճելի, եւ թերեւս նույնիսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ գրեթե բոլորին էլ տհաճ է:
Հայաստանի ավանդական քաղաքական իրողություններին վարժված են բոլորը, անգամ նրանք, ովքեր ամենից բարձրն են խոսում փոփոխության անհրաժեշտության մասին: Փոփոխության վախը Հայաստանում միշտ էլ եղել է գլխավոր արգելակներից մեկը գրեթե բոլոր բնագավառներում, այդ թվում քաղաքականության մեջ:
Բայց, ներկայիս առանձնահատկությունը երեւի թե այն է, որ այժմ արդեն վախը ոչ թե արգելակ է, այլ խթան: Այսինքն, գրեթե բոլորը վախից են ստիպված ինչ որ բան անել, փոփոխության վախից, որովհետեւ գիտակցում են, որ այդ փոփոխությունն արդեն կա եւ ամրագրվում է: Չեն հասկանում, թե ինչպես, ինչ ճանապարհով, ում միջոցով, որտեղից, բայց զգում են, որ այն արդեն առկա է, եւ այդ վախը ստիպում է ինչ որ բան անել: Եվ այդ ինչ որ բանն էլ ավելի է խորացնելու փոփոխությունը Հայաստանում:
Այսինքն, եթե կան մարդիկ, խմբեր՝ ընդդիմադիր, քաղաքացիական, թե իշխանական դաշտերում, որոնք գիտակցված են կատարում քայլեր փոփոխության ուղղությամբ՝ անկախ այն բանից, թե գոհացուցիչ են արդյոք այդ քայլերն իրենց տեմպով եւ բովանդակությամբ, ապա դրան զուգահեռ, այն մարդիկ ու խմբերն էլ, ովքեր վախենում են փոփոխությունից՝ ընդդիմադիր, քաղաքացիական, թե իշխանական դաշտում, դրան նպաստելու են վախից թելադրված գործողություններով:
Այդ, առաջին հայացքից պարադոքսալ իրավիճակը Հայաստանում ձեւավորվել է մի քանի գործոնների շնորհիվ. Հայաստանի քաղաքական ամբողջ դասը վերջնականապես հնացել է եւ արդեն անշրջելի հակասության մեջ մտել ժամանակի հետ, ինչը առաջ է բերել նոր դեմքերի եւ մտածողության բնական եւ կենսական անհրաժեշտություն, ժամանակին զուգահեռ հասունացնելով նաեւ այդ նոր դեմքերի եւ մտածողության հավակնությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե նաեւ քաղաքացիական հարթություններում.
Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում այդպես էլ չձեւավորված համապետական եւ համահասարակական, ինչպես նաեւ համահայկական նոր գաղափարի բացակայության առաջացրած տոտալ անվստահության եւ վակուումի մթնոլորտը հասել է գագաթնակետին.
բարոյահոգեբանական այդ ռեսուրսների սպառման հետ մեկտեղ, էապես սպառվել են նաեւ նյութական ռեսուրսները, որոնք այդ ընթացքում իշխող վերնախավերին թույլ էին տալիս ինչ որ կերպ շղարշել եւ արհեստականորեն լցնել այդ համընդհանուր բարոյահոգեբանական, արժեհամակարգային դատարկությունը.
նյութական ռեսուրսների այդ սպառումը բացահայտել է նաեւ Հայաստանում գոյություն ունեցող քրեաօլիգարխիկ իշխանական համակարգի անկենսունակությունն ու դատարկությունը, ժամանակի հանդեպ դրա անհամարժեքությունը.
այդ ամենին զուգահեռ, էական փոփոխություններ են մեկնարկել նաեւ համաշխարհային տնտեսա-քաղաքական մակարդակում, որոնց գեներատոր հանդիսացավ համաշխարհային ֆինանսա-տնտեսական շարունակվող ճգնաժամը, դրանով նաեւ էլ ավելի ցցուն դարձնելով Հայաստանի համակարգային դատարկությունն ու անհամարժեքությունը:
Հայաստանը բարեբախտաբար միայնակ չէ աշխարհում, եւ բարեբախտաբար միայն հայերին չէ, որ պետք է, այլ նաեւ համաշխարհային քաղաքականության ազդեցիկ սուբյեկտներին: Ու բարեբախտաբար, Հայաստանի եւ հայաստանցիների հանրային ու պետական շահը ներկայում համընկնում է այդ ազդեցիկ սուբյեկտներից շատերի աշխարհաքաղաքական շահին: Դա պատմական պատեհություն է, որը ստեղծել է նոր իրավիճակը Հայաստանում, որը փոխել է Հայաստանի իրավիճակի տրամաբանությունը:
Ավանդական դերաբաշխումն արդեն չի աշխատում: Օրինակ, իշխանական համակարգում, նախագահն արդեն թագավոր չէ, որը բոլորի տերն է եւ որի ասածը օրենք է բոլորի համար: Թագավորն էլ Հայաստանում արդեն կարծես թե կանգնած է օրենքից դուրս հայտնվելու վտանգի առաջ՝ թե իշխանական, թե պետական օրենքից դուրս: Հասարակության համար արդեն օրենք չէ նույնիսկ ընդդիմության ասածը, ինչը Հայաստանում կարծես թե եւս մի ավանդույթ էր, երբ ընդդիմությունը հանրության համար ուներ «սրբազան կովի» կարգավիճակ:
Այդ է պատճառը, որ Հայաստանում ամեն քայլ անելիս հասարակությանը հղում անելը արդեն կանոն է դառնում բոլորի, այդ թվում նույնիսկ քրեաօլիգարխիկ համակարգի համար: Այդ ամենն առայժմ կրում է առավելապես քարոզչական բնույթ, իսկ քաղաքականության բուն, իրական գործընթացները դեռեւս գտնվում են բավական խոր ստվերում եւ անմատչելի են հանրությանը:
Բայց, այստեղ էլ իհարկե իր ազդեցությունն է ունենալու խորհրդարանի ընտրությունը, որը քաղաքական գործընթացի սուբյեկտներին ստիպելու է հնարավորինս բաց խաղալ, առավել եւս, երբ կա «լավագույն» ընտրություն անցկացնելու կենսական անհրաժեշտություն:
Իսկ դրա համար պետք է բնականաբար քարոզչությունից անցնել գործի: Եվ բնականաբար առաջինը դա պետք է անեն նրանք, ովքեր ներկայում հայտարարում են լավագույն ընտրություն անցկացնելու պատրաստակամության մասին: Այսինքն, այդ բանն առաջին հերթին պետք է անի իշխանությունը, հետեւաբար նոր տարվա հարցն այն է, թե ով է իշխանությունը՝ դե ֆակտո իշխանությունը: Առանց այդ հարցի պատասխանի, հնարավոր չէ իրականություն դարձնել «լավագույն» ընտրության խոստումը:
Իսկ իշխանության հարցը Հայաստանում, հաշվի առնելով իրավիճակի փոփոխության վերը թվարկված արտաքին ու ներքին մի շարք գործոնները, այլեւս անհնար է լուծել հասարակությանն արվող հղումներից հասարակական եւ պետական կանոնի անցնելու: Ով ոչ թե հղում կանի այդ կանոնին, այլ դրանից կհղվի, նա էլ կլինի իշխանություն: Եվ այդ դեպքում էական չէ, թե ով կամ ովքեր կլինեն իշխանությունը, եւ նաեւ, թե որտեղ կլինի իշխանությունը: Իշխանություն կլինի նա, ով թերեւս ամենից խորը կգիտակցի այդ իրավիճակը:
Իրական իշխանությունը, ի տարբերություն իշխանական կերակրատաշտի, երբեք սահմանափակ չի լինում, այսինքն իշխանությունը միշտ տեղ ունի, եթե հիմքում դրված է պետական կանոնը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment