Thursday, December 15, 2011

Ազնավուրն ու Եվրոդատարանը

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, դիվանագետ Առաքել Սեմիրջյանի հետ

- Պարոն Սեմիրջյան, որպես դիվանագետ, ինչպես կմեկնաբանեք Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի վերջին հայտարարությունները, որտեղ նա իշխանություններին մեղադրել է երկրի ներսում ցեղասպանություն իրականացնելու, արտագաղթը խթանելու մեջ: Թեեւ` երեկ արդեն «Արմենպրեսը» հերքում էր տարածել Ազնավուրի անունից:
- Նախ ուզում եմ հիշեցնել, որ սա Շառլ Ազանուրի առաջին նմանատիպ հայտարարությունը չէ: Նա նույնանման հայտարարություն արել էր նաեւ մոտ երկու ամիս առաջ: Սակայն ՀՀ իշխանությունները Ազնավուրի առաջին հայտարարությանը որեւէ կերպ պաշտոնապես չանդրադարձան: Դեռ ավելին, ինչպես հիշում եք նա հայտարարությունից անմիջապես հետո Երեւանում մասնակցեց Սարկոզիի պատվին Սերժ Սարգսյանի կազմակերպած ճաշկերույթին: Այստեղ մեկ հետաքրքրական նրբերանգ կա. Շառլ Ազնավուրն իր բոլոր հայտարարությունները անում է արտերկրից: Իսկ Հայաստան գալով ոչ միայն որեւէ հայտարարություն չարեց, այլ նաեւ չեկավ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք անցկացնեղ ժողովրդին ողջունելու, այն նույն ժողովրդին, ովքեր արդեն 4 տարի պայքարում են հանուն նրա, որ մարդիկ չարտագաղթեն, իսկ ՀՀ իշխանություններն էլ ցեղասպանություն չիրականացնեն ժողովրդի նկատմամբ:
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդպես, ինչու է Ազնավուրը միայն արտերկրից անում այդ հայտարարությունները:
- Եթե չեք մոռացել, ժամանակին Շառլ Ազնավուրը ներկա է գտնվել Ռ. Քոչարյանի «պապլավոկյան ջազալսմանը», երբ իր աչքի առաջ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Պողոս Պողոսյանին: Չնայած այդ ժամանակ, ինչպես նաեւ Մարտի 1-ից հետո Շառլը որեւէ ծպտուն չհանեց նշված դեպքերի կապակցությամբ, սակայն լինելով զգացմունքային մարդ, նա հիմա է իր ձայնը բարձրացնում, ու անուղղակիորեն ներողություն խնդրում իր լռության համար: Այդքանով հանդերձ նա դրսից է այդ հայտարարությունն անում, քանի որ իր աչքով է տեսել, թե ինչպես են վարվում նրանց հետ ովքեր իշխանությունների երեսին ասում են ՀՀ իշխանություններ իրական էությունը:

- Ազնավուրի ելույթից հետո շատերը հիշեցին 2008 թ. ձեր` 11 դիվանագետների հայտարարությունը: Այդ պատճառով դուք ազատվեցիք աշխատանքից, զրկվեցիք դիվանագիտական կոչումներից: Նմանություններ տեսնո՞ւմ եք ձեր հայտարարության եւ Ազնավուրի հայտարարությունների միջեւ:
- Եթե նայենք զուտ ՀՀ դիվանագիտական օրենքի տեսանկյունից, ապա կարող եմ ասել, որ 2008 թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ ՀՀ 11 դիվանագետներ հայտարարություն տարածեցին` կոչ անելով կողմերին զերծ մնալ ուժային լուծումներից եւ հետամուտ լինել բոլոր ընտրախախտումների արդար դատաքննությանը, միայն այդ հայտարարության համար Ռ. Քոչարյանն ու Վ. Օսկանյանն ապօրինաբար աշխատանքից հեռացրեցին նրանց` զրկելով դիվանագիտական կոչումներից: Իսկ Շառլ Ազնավուրը երբ մի ամբողջ պետության իշխանություններին անվանում է ցեղասպանություն իրականացնողներ /մեկ էլ Ազնավուրը այդպիսին է համարում Երիտթուրքերին/ ու այդքանից հետո շարունակում է պաշտոնավարել, դա նշանակում է, որ մեր իշխանություններն այնքան թույլ են միջազգային հանրության առջեւ, որ չեն կարողանում պատասխանել իրենց սեփական երկրի հանրաճանաչ դեսպանին, իսկ ներքին կյանքում նրանց գործողություններն էլ հիմնված են միայն ապօրինությունների ու վրեժխնդրության վրա:

- Ձեր կարծիքով, պե՞տք է Ազնավուրի հայտարարություններին հետեւեր նրա պաշտոնանկությունը, ինչպես եղավ ձեր դեպքում:
- Ոչ: Իմ կարծիքով, Ազնավուրի հայտարարությունից հետո պետք է հետեւեր ՀՀ իշխանությունների հրաժարականը ի դեմս Սերժ Սարգսյանի, քանի որ Ազնավուրի նկարագրած վիճակի պատճառն ու պատասխանատուն միայն ու միայն ՀՀ իշխանություններն են: Ինչ վերաբերում է մեզ ապօրինաբար աշխատանքից ազատելուն, ապա ի դժբախտություն մեր իշխանությունների, ԱԳՆ-ից հեռացված չորս դիվանագետներ նախօրեին Եվրոդատարանից ստացել են իրենց պահանջն ընդունող իրավաչափության պատասխանը, որով վիճարկվել էր ՀՀ ԱԳ նախարարի հրամանը նրանց գործից ապօրինի ազատելու վերաբերյալ: Համոզված եմ, որ այդ հայցն ավելի ուժեղացավ Շառլ Ազնավուրի հայտարարություններով, որով նա ճշգրտորեն նկարագրում է Հայաստանի իրական վիճակը:

- Ի՞նչ են պատասխանել ձեզ:
- Պատասխանել են, որ մեր հայցը իրավաչափ է: Հիմա ԵԴ-ն հարցում է ուղարկել Կառավարությանը, որպեսզի նա էլ իր պատճառաբանությունները բերի: Եվ միայն դրանից հետո դատարանը կկայացնի իր վճիռը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 14-12-2011,

No comments: