«Լրագիր» 23-12-2011- Չեխոսլովակիայի վերջին եւ Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը Հայաստանը մասնակցել է Ազգային Ժողովի փոխնախագահի կարգավիճակով: Հավելի հուղարկավորությանը մասնակցել է Էդուարդ Շարմազանովը, ով նոր է դարձել ԱԺ փոխնախագահ:Համեմատության համար ուշագրավ է, որ ասենք Ֆրանսիան, որին այսօր ամբողջ Հայաստանը, եւ առաջին հերթին իշխանությունը շնորհակալական ուղերձներ է հղում հայերի ցեղասպանության մասին օրինագիծը խորհրդարանի ստորին պալատում ընդունելու համար, Վացլավ Հավելի հուղարկավորությանը մասնակցել է նախագահ Սարկոզիի մակարդակով:
Չեխիայի նախկին նախագահ Հավելը զուտ նախկին նախագահ չէ: Հավելը համաշխարհային մասշտաբի գործիչ էր, որն ամբողջ աշխարհի համար պատմական վերափոխումների փուլին ունեցավ իր իսկապես նշանակալից մասնակցությունը, հանդիսանալով ժողովրդավարության, հանդուրժողության, հումանիզմի ակնառու կրող, նաեւ լոկոմոտիվ: Նրա գլխավորած Չեխոսլովակիան միակն էր հետսառըպատերազմյան Եվրոպայում, որ բաժանվեց առանց արյունահեղության, առանց ազգամիջյան բախումների:
Հենց միայն Ֆրանսիայի վերաբերմունքը Հավելի նկատմամբ, որ դրսեւորվում է նախագահական բարձր մակարդակով նրա հուղարկավորությանը մասնակցելով, վկայում է, հուշում է, թե ինչ գնահատական եւ հարգանք վայելող գործիչ էր Հավելը Եվրոպայում:
Հայաստանի իշխանությունը վերջին շաբաթներին գրեթե ամեն օր խոսում է եվրոպական արժեքներին հավատարիմ, նվիրված լինելու մասին: Հայաստանի նախագահն ու վարչապետը եվրոպական ամբիոնները բաց չեն թողնում այդ մասին որքան հնարավոր է բարձր խոսելու համար:
Վացլավ Հավելի հուղարկավորությունը Հայաստանի իշխող վերնախավի համար թերեւս մի առիթ էր ցույց տալու, թե ժողովրդավարության, մարդասիրության, եվրոպականության, հանդուրժողության արժեքներին նվիրված այդ պատմական դեմքը որքան նշանակալից արժեք է Հայաստանի համար: Դրանով, իշխանությունն ինքը ցույց կտար, թե որքան անկեղծ է եվրոական իր երդումներում, եվրոպական ինտեգրման իր հաստատակամության մեջ:
Սակայն, Վացլավ Հավելի հուղարկավորությանը Հայաստանի մասնակցության մակարդակը կարծես թե հուշում է հակառակի մասին: Շատ լավ է իհարկե, որ Հայաստանի ԱԺ նորընտիր փոխնախագահը ընդունելություն գտնի Եվրոպայում, հաղորդակցի պատմական դեմքերի եւ միջավայրի հետ, ինչի համար եւս առիթ էր Վացլավ Հավելի հուղարկավորությունը, բայց այստեղ նախ եւ առաջ Հայաստանի վերաբերմունքի, Հայաստանի արժեքային կողմնորոշման խնդիր էր, ինչը ենթադրում էր առավել բարձր մակարդակի մասնակցություն այդ պատմական դեմքի վերջին հրաժեշտին:
Սերժ Սարգսյանը գուցե զբաղված էր Իրանի նախագահին հյուրընկալելով: Իսկ ինչ էր անում օրինակ Տիգրան Սարգսյանը, ով հանդիսանում է Հայաստանի իշխանության եվրոպական ինտեգրացիայի դեմքերից մեկը եւ հաճախ է հյուրընկալվում Եվրոպայում:
Վերաբերմունքի համատեքստում, նաեւ հետաքրքրական է, թե արդյոք Վացլավ Հավելին վերջին հրաժեշտ տալու ցանկություն է ունեցել Հայաստանի ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այսպես ասած Հավելի սերնդակից նախագահ էր, առաջին սերնդի բարեփոխիչ-նախագահ, նաեւ հանդիսանում էր Հավելի արժեքակից նախագահ: Արդյոք Տեր-Պետրոսյանը մտածել է նրա հուղարկավորությանը մասնակցելու հնարավորության մասին, որպես Հայաստանի առաջին նախագահ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment