Monday, December 19, 2011

Իլհամ Ալիևի հերթական պատվիրանը. գիրք կարդալը վնաս է տեսողությանը

«Լրագիր» 19-12-2011- Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանությունը ցրել է հերթական քաղաքացիական ակցիան, որը կազմակերպել էր ադրբեջանական երիտասարդական կազակերպություններից մեկը:
Որ Ադրբեջանում բացակայում են ժողովրդավարության անգամ պարզագույն տարրերը, ոտնահարվում են մարդու` հանրահավաքներ, ցույցեր և ելույթներ կազմակերպելու իրավունքները, բազմիցս հիշատակվել է հանրաճանաչ մի շարք ԶԼՄ-ների կողմից, ինչպես նաև իր արտացոլումն է գտել աշխարհի խոշորագույն տերությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հաշվետվություններում: Ադրբեջանի ընդդիմադիրների կամ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից կազմակերպվող ցանկացած միջոցառում դատապարտված է ցրման, իսկ դրանց կազմակերպիչները լավագույն դեպքում ենթարկվում են տուգանքի, էլ չասած քրեական հետապնդման մասին:
Ելնելով վերոհիշալից` կարելի էր հիշատակված «իրադարձությունը» դիտարկել որպես սովորական երևույթ ադրբեջանական հասարակական-քաղաքական իրականության մեջ: Սակայն, այս անգամ տվյալ փաստը մի տեսակ զարմանք և միաժամանակ վրդովմունք առաջացրեց ադրբեջանցիների շրջանում, քանի որ տվյալ ակցիան իրականում չուներ նույնիսկ չնչին քաղաքական ենթատեքստ, կազմակերպվել էր չքաղաքականացված երիտասարդական կազմակերպության կողմից, նույնիսկ ուղղված չէր ադրբեջանական «հասարակությունում» առկա խնդիրների բարձրաձայնմանը. տվյալ ակցիան նվիրված էր երկրում ընթերցանության խթանմանը և կրում էր «Կարդացեք գրքեր» անմեղ անունը: Ակցիան իրենից ներկայացնում էր ֆլեշմոբ, որի ընթացքում ադրբեջանցի մոտ 100 երիտասարդ պետք է գրքերով հավաքվեին Բաքվի «Շատրվանների հրապարակում» և կազմակերպեին խմբակային ընթերցանություն: Սակայն ֆլեշմոբի մեկնարկից որոշ ժամանակ անց «դեպքի վայրում» հայտնվեցին ոստիկանները և ցրեցին երիտասարդների հավաքը` չցանկանալով նույնիսկ լսել կազմակերպիչների բացատրությունները տվյալ ակցիայի բովանդակության վերաբերյալ:
Ժամանակակից աշխարհում, երբ ինտերնետի միջոցով հնարավոր է դարձել մի քանի վայրկյանում գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, երբ հասանելի են ժամանցի հազարավոր տարբերակներ, գրքերի ընթերցանությունը խորը ճգնաժամ է ապրում: Խնդրի արդիական լինելու մասին գիտակցում են նաև ադրբեջանական հասարակության որոշ շերտեր, որոնք, ի տարբերություն ադրբեջանական վերնախավի (որը ուրիշ պետությունների մշակույթը գողանալուց, սեփական երկրի նավթային հարստությունը գովազդելուց և ադրբեջանական հասարակությունում հայատյացություն սերմանելուց բացի ոչինչ չի անում), փորձում են գոնե նմանատիպ միջոցառումներով նպաստել երկրում կրթվածության մակարդակի բարձրացմանը:
Համեմատության համար նշեմ, որ գիրք կադալու բարի սովորության վերականգնումը Հայաստանում ևս գտնվում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Սակայն, ի տարբերության մեր արևելյան հարևանների, Հայաստանում գրքերի ընթերցանության բարձրացմանն ուղղված միջոցառումները վայելում են իշխանությունների հովանավորությունը: Մասնավորապես, Հայաստանի կողմից ներկայացված հայտը քննարկելու արդյունքում Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք. 2012թ. ապրիլից մինչև 2013թ. ապրիլն անցկացվելիք այս խոշոր միջոցառման շրջանակներում Երևանում կբացվեն նոր գրադարաններ և գրախանութներ, կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Երևան կժամանեն հյուրեր տարբեր երկրներից: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 2012-ին Հայաստանում պաշտոնապես կնշվի հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» 500-ամյակը, որը տպագրվել է 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից։
Անդրադառնալով ադրբեջանցի երիտասարդների կողմից կազմակերպված ակցիայի ցրման փաստին, հարկ եմ համարում նշել, որ, նմանատիպ գործողություններ իրականացնելու հրամաններն, անկասկած, անմիջականորեն տրվում են նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Ալիևյան կլանը, հավանաբար, վախենում է, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ ընդդիմության ցույցերի կազմակերպման համար, որոնք իրենց հերթին կարող են վերաճել բռնատիրական ռեժիմի դեմ քաղաքացիական ելույթների, ուստի համապատասխան միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանում «Արաբական գարունների» համաճարակի տարածման նույնիսկ ամենաչնչին հավանականությունից ապահովագրելու համար:
Կարող է քիչ անհավանական թվալ, սակայն այսօր Ադրբեջանի ղեկավարությանն ուղղակիորեն ձեռնտու չէ սեփական ժողովրդի կրթվածության մակարդակի բարձրացումը: Բանն այն է, որ այսօր Ադրբեջան պետության հիմնական գաղափարախոսությունը կառուցված է «Ղարաբաղի` ադրբեջանական հող լինելու և այն հայերից ցանկացած գնով հետ նվաճելու» ֆանատիզմի հիման վրա, իսկ ինչպես հայտնի է` ֆանատիզմը հատուկ է կենսական և կրթական ցածր մակարդակ ունեցող հասարակությանը. դրա համար սեփական երկրում անգրագիտության ամրապնդումը ալիևյան կլանի համար կարող է լինել իշխանության պահպանման հիմնական հիմքերից մեկը, քանի որ, ինչպես հայտնի է, ոչխարների նախիր ղեկավարելն ավելի հեշտ է, քան գիտակից հասարակությանը:
Ուստի ճիշտ եզրահանգմանն են եկել «Կարդացե´ք գրքեր» ակցիան կազմակերպած ադրբեջանցի երիտասարդները. «Ադրբեջանում կարդալն արգելված է. վնաս է աչքերի համար»:Տիգրան Աբրահամյանց

No comments: