Friday, January 13, 2012

Թուրքիան 2001 և 2006 թթ. Թուրքիան չէ`այս անգամ շատ լուրջ հակահարված է տալու. թուրք դեսպան

Tert.am. 12-1-2012- Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Ֆրանսիայի Սենատում Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը «լուրջ հարված է հասցնելու թուրք–ֆրանսիական հարաբերություններին»։ Ինչպես գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, հանդիպումը կազմակերպել էին սոցիալիստ սենատորները՝ Սենատում օրինագծի առնչությամբ հունվարի 23–ին նախատեսված քննարկման նախաշեմին Թուրքիայի տեսակետներին ավելի մոտիկից ծանոթանալու համար։ «Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած երկարատև պատերազմի ժամանակ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ցավ ապրել։ Մենք սկսել ենք այդ հարցը լրջորեն քննարկել Թուրքիայում, և դրա քննարկումը մեր երկրում այլևս արգելված չէ: Դուք, սակայն, արգելում ենք այդ քննարկումները։ Թողեք՝ պատմաբանները դա քննարկեն,–ասել է դեսպանը և հավելել,– Ֆրանսիայի նախագահ Սարկոզին իր նախագահության տարիների հենց սկզբից Թուրքիան քավության նոխազ դարձրեց, սպանել է Եվրամիությանն անդամակցելու մեր փափագը։ Ֆրանսիայում տեղի ունեցող յուրաքանչյուր ընտրությունից առաջ թուրքերը և Թուրքիան քավության նոխազի են վերածվում։ Մենք հոգնել ենք Սարկոզիի՝ նախընտրական չմտածված քայլերից։ Թուրքիան 2001 և 2006 թվականների Թուրքիան չէ, այս անգամ որոշել է շատ լուրջ հակահարված տալ»։ Սենատոր Ֆիլիպ Կալտենբախը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար Եվրամիությանն անդամակցելու պայման է: Պարբերականը գրում է, որ Բուրջուօղլուն էլ հակադարձել է՝ ասելով, որ Եվրամիությունն այդպիսի չափանիշներ չունի և որ որևէ երկրի առջև ԵՄ–ին անդամակցելու համար նման պայման դրված չի եղել։ Դեսպանը նշել է, որ եթե օրենքի տեքստում ցեղասպանության բառի փոխարեն «Միջազգային դատարանների կողմից ճանաչված ցեղասպանություն» ձևակերպումը գրված լիներ, Թուրքիան գոհ կմնար։ «Օրենքի ընդունումը ծանր և շարունակական հետևանքներ է ունենալու»,– ասել է նա՝ ընդգծելով, որ կասեցվելու են Ֆրանսիայի հետ քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները։ Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Հունվարի 23–ին օրենքը քննարկվելու է Սենատում։

No comments: