Friday, January 13, 2012

Դուբլինում տեղի կունենա հակամարտությունների կարգավորման համաժողով

«Ազատություն ՌԿ» 13-1-2012- ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործոց եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորը, հինգշաբթի օրը Վիեննայում բացելով ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը, խոսել է 56 պետություն միավորող կառույցի առաջնահերթությունների մասին։ Իռլանդիան այս տարվանից է ստանձնել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը։ Էյմոն Գիլմորի խոսքերով` Իռլանդիան հավասարակշռված մոտեցում է ցուցաբերելու ռազմա-քաղաքական, տնտեսա-բնապահպանական եւ անվտանգության մարդկային պարամետրերի հարցերում։ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ասել է, որ այսօր առավել մտահոգիչը հիմնարար ազատություններին եւ մարդու իրավունքներին սպառնացող երեւույթներն են։ Իր ելույթում նա անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ-ի տարածաշրջանի հակամարտություններին։ «Որպես գործող նախագահ` ես ջանքեր կգործադրեմ այդ հակամարտությունների հարատեւ կարգավորման ուղղությամբ», - ասել է Գիլմորը։ Նա թվարկել է Մոլդովայի տարածքում Մերձդնեստրի, Վրաստանի տարածքում` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրները, սակայն խոսելով ղարաբաղյան խնդրի մասին` ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Ադրբեջանի անունը չի նշել, ասելով, թե «այդ հակամարտությունների շարքում է նաեւ այն, որը Մինսկի գործընթացի շրջանակներում է»։ Գործող նախագահը ընտրել է երկու դիվանագետի, ովքեր Իռլանդիայի նախագահության ժամանակաշրջանում հակամարտությունների կարգավորման խնդրում խորհրդականների դեր են կատարելու։ Նա դրվատանքով է խոսել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի մասին` ասելով, թե «ակնկալում է սերտ համագործակցություն համանախագահների եւ Մինսկի խմբի այլ ներկայացուցիչների հետ»։ ԵԱՀԿ-ի գործող նախագահի խոսքերով` Իռլանդիան լավ գիտի, թե որքան ավերիչ են հակամարտությունները։ «Այդուհանդերձ, բանակցությունների, փոխզիջումների եւ լուծում գտնելու վճռականության շնորհիվ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները կարգավորել են Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը», - ընդգծել է Էյմոն Գիլմորը։ Նրա խոսքերով` այդ փորձը կարող է օգտակար լինել ԵԱՀԿ-ի տարածքի ներկայիս հակամարտությունները կարգավորելու համար, եւ այդ նպատակով ինքը մտադիր է այս տարվա ապրիլի 27-ին Դուբլինում կազմակերպել համաժողով, որին կհրավիրվեն հակամարտող կողմերի ներկայացուցիչները։

No comments: