Tert.am. 4-1-2012- 2012թ. հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հնարավոր է՝ տեղի ունենա Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի հանդիպումը: Այս մասին ադրբեջանական SalamNews գործակալության հետ զրույցում ասել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահի տեղակալ Հաջի Սաբիր Հասանլին:Հասանլին ընդգծել է, որ անցած տարի Հայաստան կատարած այցի ժամանակ Փաշազադեն առաջարկել էր հոգևոր առաջնորդների հանդիպում անցկացնել շփման գծում:
«Հայկական կողմն ընդունել է այդ առաջարկը: Այցի ընթացքում, սակայն, հանդիպման օրը չէր որոշվել: Հնարավոր է՝ այն տեղի ունենա մինչև այս տարեվերջ»,-ասել է նա և հավելել, որ նման հանդիպումներն օգտակար են լինելու ԼՂ հակամարտության կարգավորման համար:
Հասանլին հիշեցրել է, որ անցած տարի Հայաստանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ 1–ի հանդիպումը:
«Անհրաժեշտ է դիպուկահարներին հետ կանչել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից: Այդ դեպքում կկրճատվի զոհերի թիվը»,-ասել է նա:
Փաշազադեն 2011թ նոյեմբերի 29-ին Երևան էր այցելել՝ ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին մասնակցելու համար։
Երևանում անցկացված նիստի շրջանակում փակ դռների հետևում եռակողմ հանդիպում էր տեղի ունեցել Գարեգին 2–րդի, Ալլահշուքյուր Փաշազադեի և Կիրիլ 1–ի միջև: Հոգևոր առաջնորդները հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որում, մասնավորապես, կոչ էր արվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից հետ քաշել դիպուկահարներին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment