Monday, January 2, 2012

2012 թ. Վրաստանը վաճառքի կհանի Ռուսաստանը Հայաստանի հետ կապող գազամուղի բաժնեմասերը

Tert.am. 1-1-2012- Վրաստանը, միջազգային բորսաներում իրադրությունը բարելավվելուն պես, մտադիր է վաճառել պետական ընկերությունների բաժնեմասերի փոքրամասնական փաթեթը: Ինչպես հաղորդում է ռուսալեզու Newsgeorgia.ru կայքը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին՝ ամփոփելով 2011թ. արդյունքները:
Գիլաուրին հավելել է, որ կառավարությունը նախատեսում է Վարշավայի, Լոնդոնի կամ այլ միջազգային բորսաներ հանել պետական ընկերությունների մոտ 25% բաժնեմասերը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի կառավարությունը ոչ այժմ, ոչ էլ ապագայում չի պատրաստվում վաճառել պետական ընկերությունների բաժնեմասերի վերահսկիչ փաթեթը: Պետության վերահսկողության տակ շարունակելու է մնալ բաժնեմասերի առնվազն 51%-ը, մնացած 49%-ը կարող են վաճառվել,- ասել է Վրաստանի վարչապետը և հավելել,- Չնայած, առաջին փուլում ցանկալի է (համապատասխան որոշումն ընդունվելու է) բորսաներ հանել բաժնեմասերի առավելագույնը 20-25%-ը»:
Վրաստանի վարչապետը ընդգծել է, որ դա միջազգային խոշոր ներդրումները ներգրավելու շատ լավ հնարավորություն է: «Այդ բաժնեմասերը կարող են լրացուցիչ խոշոր ֆինանսական միջոցներ ներգրավել երկիր, նպաստել մեծաթիվ աշխատատեղերի ստեղծման հեռանկարին, և, համապատասխանաբար, տնտեսական ակտիվությանը,-ասել է նա՝ ավելացնելով, որ, միջազգային իրավական ակտերի պահանջներից ելնելով, չի կարող նշել ընկերությունների անունները:
«Բորսաները դեռևս պասիվ են, հենց որ իրադրությունը բարելավվի, ես պատրաստ եմ ևս մեկ անգամ հանդիպել ձեզ հետ և խոսել այդ մասին»,-խոստացել է Գիլաուրին:
Վրաստանի վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ ընկերությունների բաժնեմասերը հնարավոր է՝ վաճառքի հանվեն ինչպես 2012թ. հունվարին, այնպես էլ 2012թ. վերջին եռամսյակում, կամ ավելի ուշ:
Վրաստանի խորհրդարանը 2011 թ. հոկտեմբերին «Պետական գույքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենք ընդունեց: Այդ փոփոխությունները նախատեսում են փոխել երկրի պետական օբյեկտների մասնավորեցման գործընթացը, ինչը թույլ կտա պետական ընկերությունների բաժնեմասերի փոքրամասնական փաթեթը միջազգային բորսաներ հանել։ Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է «Վրացական երկաթուղիներ», «Վրաստանի գազի և նավթի կորպորոցիա» (Ռուսաստանը Հայաստանի հետ կապող գազամուղը) և «Վրաստանի պետական էներգոհամակարգ» ընկերությունների բաժնեմասերի 15–25 տոկոսի տեղաբաշխում:
Ռուսական «Մոսկովսկիե Նովոստի» պարբերականն ավելի վաղ ծավալուն հոդված էր տպագրել այն մասին, որ Ռուսաստանը հնարավոր է՝ ձեռք բերի Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների (այդ թվում` Ռուսաստանը Հայաստանի հետ կապող գազամուղի) բաժնեմասերը:

No comments: