Wednesday, January 11, 2012

Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը հունվարի 24–ի փոխարեն 23–ին կքննարկի

Tert.am. 11-1-2012- Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, որոշել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը քննարկել հունվարի 23-ին։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը։ «Այսօր Սենատի վարչական խորհուրդը, որը որոշում է Սենատի օրակարգերը, այսինքն` դիվանը, հաստատեց, որ ամսի 23-ին է», - երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Վարժապետյանը։ Ըստ նրա` հարցը պետք է լսվեր հունվարի 24-ին, բայց որոշում է կայացվել մեկ օր շուտ սկսել, «որովհետեւ երկու օրվա վրա է լիագումար նիստը` 23 և 24, ցանկացան 23-ին անել, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան քննարկելու և քվեարկելու` երկուշաբթի օրը, և վերջին օրվան չմնա քննարկումը»,– ընդգծել է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը` հաստատելով, որ հարցը պաշտոնապես Սենատի օրակարգում է, և նշանակված է քննարկման օրը. «Քննարկման և քվեարկության, բնականաբար»։ Թե ներկայում մոտավորապես ինչպիսին է օրինագծին կողմ և դեմ ձայների հարաբերակցությունը Սենատում` այդ առնչությամբ Հրաչ Վարժապետյանը ասել է. «Ներկա պահի դրությամբ, մեր հաշվարկներով եկել ենք այն եզրակացության, որ թե՛ իշխող աջակողմյան կուսակցության մոտ, թե՛ ընդդիմադիր Ընկերվարական կուսակցության մոտ որոշ կոնսենսուս կա երկուսի միջև, և 65 տոկոսով, այսօրվա դրությամբ, կարող է թեր (կողմ) քվեարկվել։ Բայց միշտ էլ, անշուշտ, քաղաքական կյանքում վերիվայրումներ կարող են պատահել, և վերջին պահին քաղաքական ինչ-ինչ ճնշումներով և ինչ-ինչ հաշվարկներով կարող է փոփոխության ենթարկվել։ Բայց ներկա պահի դրությամբ` 65 տոկոսով թեր կքվեարկվի և, կարծում եմ, օրենքը կանցնի` կհաստատվի նաև Սենատում»։ Անցած ամիս Ֆրանսիայի Ազգային ժողովի հավանությանը արժանացած օրինագիծը Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտողների համար մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք է նախատեսում։ Պաշտոնական Անկարան առաջին իսկ պահից կտրուկ հակազդեցություն ցույց տվեց խորհրդարանի Ստորին պալատի կողմից օրինագծի ընդունմանը և այժմ էլ ջանքեր է գործադրում Վերին պալատի կողմից դրա հաստատումը կանխելու համար։

No comments: