Tuesday, January 31, 2012

Անկարայում հազարավոր ցուցարարներ պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերացնել 301-րդ հոդվածը

1in.am. 31-1-2012- Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Անկարայում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որին մասնակցել են մեծ թվով հայեր: Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ ցուցարարներն ինքնաթիռներով Թուրքիա են ժամանել Եվրոպայից և Հայաստանից, սակայն հիմնական մասն այստեղ է ժամանել 600 ավտոբուսներով՝ Սիրիայից և Լիբանանից: Ցուցարարները հայտարարել են, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանություն է իրագործվել: Նրանք վանկարկել են հայամետ կարգախոսներ և պահանջել են Քրեական օրենսգրքից վերացնել տխրահռչակ 301-րդ հոդվածը (որով ազատազրկման են դատապարտվել և դատապարտվում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնածները): Ցույցի ժամանակ երևացել են նաև Հայաստանի Հանրապետության բազմաթիվ դրոշակներ: Ցուցարարների կարգախոսներն են. «Բոլոր հայերին բա՞նտ եք նստեցնելու», «Թող Էրդողանը լսի այս ամենը», «Իրական ազատությունն այստեղ է», «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Աստված մեծ է» և այլն: Նրանք նաև երգել են Հայաստանի Հանրապետության հիմնը՝ «Մեր Հայրենիք»-ը: Ոստիկանության տեղեկություններով՝ ցույցին մասնակցել է 25,000 մարդ, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ ցուցարարների թիվ հասել է 40,000-ի: Ցուցարարները փորձել են շարժվել դեպի Թուրքիայի խորհրդարան, սակայն ոստիկանությունը, բարիկադներ կառուցելով, կանխել է այդ երթը: Ի պատասխան՝ թուրք ազգայնականները կազմակերպել են իրենց ակցիան: Նրանք վանկարկել են «Թուրքերը ցեղասպանություն չեն իրագործել», «Եթե թուրքերը ցեղասպանություն արած լինեին, ապա ոչ մի հայ կենդանի չէր մնա», «Հայոց ցեղասպանությունն իմպերիալիստական սուտ է», «Ցեղասպանության սուտը ԵՄ-ի պլանն է»: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, որ ցույցի դուրս եկած այդ երկու խմբերը չհանդիպեն միմյանց:

No comments: