Tuesday, January 31, 2012

Թուրք զինվորը դատարանում զենքով ցույց է տվել, թե ինչ դիրքով է Քվանչը սպանել հայազգի Սեւակին

News.am. 31-1-2012- Թուրքիայի Բաթման նահագի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում ապրիլի 24-ին թուրք զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչի դատավարության ժամանակ սպանության ականատես զինվոր Հալիլ Էքշին դատարանում կրկնել է, որ նախկինում սխալ ցուցմունքի տակ էր ստորագրել: Firat գործակալության փոխանցմամբ` հունվարի 30-ին Դիարբեքիրի օդուժերի հրամանատարության զինվորական դատարանում Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով 4-րդ դատական նիստի ժամանակ կրկնել է նախրդ ամիս դատարանում իր խոստովանությունը, թե իր նախկին գրավոր ցուցմունքում ճիշտ չի ներկայացվել տեղի ունեցածը: Ականատես զինվորը պնդել է, թե զորամասի պահակակետում փշալար գործելու ժամանակ կրակոցի ձայն է լսել եւ շրջվելով` տեսել Քվանչին` զենքը ուղղած Սեւակի կողմը, իսկ Սեւակն այդ ժամանակ արդեն ընկած էր գետնին: Դատավորը ականատես զինվորին խնդրել է դահլիճ բերված զենքով ցույց տալ Քվանչի դիրքը, երբ նա կրակել է Սեւակի ուղղությամբ: Էքշին դատարանի դահլիճում զենքը վերցրել եւ ցույց է տվել այդ դիրքը: Սեւակի ընտանիքի փաստաբանները պահանջել են կալանքի որոշում կայացնել Քվանչ Աղաօղլուի նկատմամբ, սակայն դատարանը մերժել է այս պահանջը: Նշենք, որ 2011-ի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ Հալիլ Էքշին պնդել է, թե սխալ վկայության տակ է ստորագրել, որն էլ ավելի վաղ ընթերցվել է դատարանում: Հիշեցնենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։ Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»: Սակայն դատին ներկա մյուս զինվորականները հերքել են այս խոսքերը: Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփոթության հետեւանքով մարդ սպանելու համար»:

No comments: