Tert.am. 12-1-2012- Հունվարի 19–ին լրանում է Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցը: Ինչպես տեղեկանում ենք թուրքական լրատվամիջոցներից, այդ օրը Դինքի ընկերները պատրաստվում են երթ իրականացնել դեպի նրա սպանության վայր՝ «Ակօսի» խմբագրատուն և այդ առնչությամբ հայտարարություն են տարածել։
«2007թ. հունվարի 19–ին սպանվեց Հրանտ Դինքը։ Այդօրվանից արդեն հինգ տարի է անցել, մեզ, սակայն, չեն համոզի այն փաստերը, թե իբր այդ սպանությունը երկու-երեք մարդու կողմից է ծրագրվել ու իրականացվել։ Դինքին սպառնացողները, նրա սպանության պատվիրողները, նրա դեմ թակարդ լարողները, իրենց «օձիքն ազատելով» այդ գործից, մեր ցավը ծաղրի առարկա են դարձնում։ Մենք կանխորոշված դատավարություն չենք ցանկանում, չենք ցանկանում, որ պատժվեն միայն Դինքի վրա գնդակ արձակողները.... Մենք դեռ անելիք ունենք: Խիղճ ունեցող բոլոր մարդիկ հինգ տարի է՝ ապրում են օրեցօր սաստկացող ցավով: Եթե մոռանանք այդ ամենը, մեր ընկերոջը ևս մեկ անգամ կսպանենք, նոր սպանությունների առիթ կտանք:
Մենք պետք է համախմբվենք և ասենք, որ «այս դատը պետք է վերջանա այն ժամանակ, երբ մենք համարենք՝ վերջացավ»:
Հինգ տարի չէ, 95 տարի էլ անցնի՝ բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք:
Հրանտի համար՝ Հրանտի ընկերներ
Ժամը 1–ին Թաքսիմ հրապարակից՝ Հրանտի սպանության վայր՝ «Ակօս»»,–ասված է հայտարարության տեքստում։
Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին: Ժամեր անձ սպանության կասկածանքով ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամաստը։ 2011թ. ամռանը դատարանը նրան 21 տարվա ազատազրկման դատապարտեց: Դինքի սպանության գործով դատալսումները շարունակվում են առ այսօր։
Դինքի ընկերները նրա սպանության տարելիցի կապակցությամբ նաև տեսանյութ են պատրաստել, որը ներկայացնում ենք ստորև։
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment