Wednesday, January 11, 2012

Միջազգային հանրությունը չի գիտակցում ԼՂ հակամարտության լրջությունը. Իլկա Կաներվա

Tert.am. 11-1-2012- «Ֆինլանդիան գիտակցում է ԼՂ հակամարտության ողջ լրջությունը և այն, որ այդ հարցի չլուծված լինելը բացասաբար է ազդում ողջ տարածաշրջանի վրա»,–ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում հայտարարել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆինլանդիայի պատվիրակության ղեկավար Իլկա Կաներվան։ Նա հավելել է, թե միջազգային հանրությունը չի գիտակցում այդ հակամարտության լրջությունը, ուստի պետք է բարձրացնել այդ հիմնախնդրի մասին միջազգային հանրության տեղեկացվածության աստիճանը»։ «Միևնույն ժամանակ միջազգային հանրությունը կարող էր ակտիվացնել իր մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, քանի որ Մինսկի խմբի ջանքերը դեռևս սպասված արդյունքները չեն տալիս։ Չպետք է հակամարտության կարգավորումը սահմանափակել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, միջազգային հանրությունը պետք է ավելի ներգրավված լինի հակամարտության կարգավորման գործում, ավելի լավ պատկերացում ունենա այդ հիմնախնդրի վերաբերյալ»,–նշել է Կաներվան։ Խորհրդարանականը հավելել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ «Հակամարտությունն արդեն 20 տարի է՝ գոյություն ունի, անհրաժեշտ է այն կարգավորել։ Հիմնախնդրի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն ու հաղորդակցման համար այլ հարթակներ օգտագործելը կարող են աջակցել բանակցային գործընթացին և օգնել լուծելու այդ հարցը»,–նշել է Կաներվան։

No comments: