Wednesday, January 11, 2012

Հայաստանը պետք է երաշխիքներ պահանջի ԵՄ-ից. Լևոն Շիրինյան

1in.am. 11-1-2012- Հայաստանը պետք է երաշխիքներ պահանջի ԵՄ-ից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տեսակետը հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լևոն Շիրինյանը` անդրադառնալով այն զարգացումներին, որոնք տեղի ունեցան Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Բանախոսի համոզմամբ` պետք է կարողանալ համամարդկային արժեքները և քաղաքականությունը զուգորդել: Ըստ նրա` առհասարակ եվրոպական քաղաքականությունը բավականին նուրբ է: Լ. Շիրինյանը անդրադարձավ նաև պատմությանն ու ասաց. 1987 թվականին ընդունված փաստաթղթի համաձայն` Հայոց ցեղասպանությունը, անշուշտ, պետք է ճանաչվի, բայց ասվում էր, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չէ Օսմանյան Թուրքիայում կատարվածի համար: Բանախոսի կարծիքով` դեկտեմբերին Ֆրանսիայում ընդունված օրինագիծն այդ փաստաթղթի շարունակությունն է, սակայն անհրաժեշտ է հասկանալ` այս բանաձևն ի շահ Հայաստանի՞ է, թե՞ ոչ: Լ. Շիրինյանը կարծում է, որ Ֆրանսիան այս օրինագիծն ընդունել է երկու պատճառով` առաջինը Թուրքիայի աճի տեմպերն են, և երկրորդը` ԱՄՆ օժանդակությունը ԵՄ ինտեգրման հարցում: «Մենք այս գործընթացը կասեցնել չենք կարող: Թուրքիան պե՞տք է ԵՄ մտնի, թե՞ ոչ. այս հարցն է այսօր դրված: Մենք պետք է կարողանանք անվտանգության երաշխիքներ ստանալ ԵՄ-ից: Ես կարծում եմ` հայերի բարեկամները պետք է առաջիկայում կետեր ավելացնեն` կապված ԵՄ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու և ԼՂՀ հարցի առաջընթացի հետ: Եթե ֆրանսիացները և գերմանացիները շատ մտահոգ են, ուրեմն քայլեր կանեն ԼՂՀ կարգավորման գործընթացում»,- ասաց Լևոն Շիրինյանը` հավելելով, որ երաշխիքներ չլինելու դեպքում դժվարություններն անխուսափելի են:

No comments: