Thursday, January 12, 2012

Էական էլ չէ` Քոչարյան, թե Ծառուկյան

«Լրագիր» 12-1-2012- Երբ խոսք է գնում ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերության մասին, օգտագործվում է հակասություն տերմինը: Այսինքն, բավական երկար ժամանակ է, ինչ հանրությունը քննարկում է ՀՀԿ-ԲՀԿ հակասությունը: Այստեղ թերեւս կա որոշակի ճշգրտման անհրաժեշտություն: Բանն այն է, որ հակասություն տերմինի փոխարեն, թերեւս ավելի դիպուկ կլինի օգտագործել “շահերի բախում” արտահայտությունը: Հակասության մասին խոսել կարելի է այն դեպքում, երբ քաղաքական ուժերից որեւէ մեկը հստակ ներկայացնում է հարցերի ու խնդիրների, իրադարձությունների եւ երեւույթների այն շրջանակը, որոնց վերաբերյալ մոտեցումները տարբերվում են մյուս ուժի մոտեցումից: Որեւէ մեկը հիշում է արդյոք, թե այդ առումով ինչ է ներկայացրել հասարակությանը ԲՀԿ-ն, որը էապես տարբերվի ՀՀԿ դիրքորոշումից: Գուցե եղել են խորհրդարանական առանձին օրենքներ, որոնց դեպքում Բարգավաճ Հայաստանը, կամ դրա առանձին պատգամավորներ քվեարկել են ՀՀԿ-ից տարբեր, բայց որ հիմնարար հարցում է ԲՀԿ մոտեցումը տարբերվել ՀՀԿ-ից: Այսինքն, երկրի զարգացման գաղափարական, հայեցակարգային, արժեհամակարգային որ վեկտորի պարագայում է Բարգավաճ Հայաստանը հստակ եւ առարկայորեն, նաեւ հասցեական քննադատել ՀՀԿ մոտեցումներն ու հայտարարել դրանց վերաբերյալ անհամաձայնության մասին: Այդ ամենի բացակայությունն է, որ հակասություն տերմինը դարձնում է փոքր ինչ ճոխ, շահերի բախման այն պարզ իրողության պարագայում, որ կա ՀՀԿ եւ ԲՀԿ դեպքում: Պարզապես երկու քաղաքական ուժերի շահերը բախվել են մի քանի պարզ հանգամանքի պատճառով: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանում սպառվում են տնտեսական, նյութական ռեսուրսները, որոնք ինչպես հայտնի է հանդիսանում են իշխանության գլխավոր հենարաններից մեկը: Հետեւաբար, ռեսուրսների համար պայքարը սրվում է, որովհետեւ եթե նախկինում դրանք բավականացնում էին երկուսի երջանկությանը, ապա այսօր արդեն դրանք կարող են երջանկացնել ընդամենը մեկին, ով եթե ուզի, ապա կարող է մյուսին մի փոքր ուրախացնել, իսկ եթե ոչ՝ ապա մյուսին երեւի թե տագնապով լի օրեր են սպասում: Շահերի բախման մյուս պատճառը թերեւս այն է, որ աշխարհում կատարվում են բավական խորքային վերափոխման գործընթացներ: Դրանց կամաց-կամաց տեղի են տալիս նույնիսկ համաշխարհային էլիտաները, ժամանակ առ ժամանակ ստիպված լինելով կայացնել շրջադարձային եւ բեկումնային հեռանկար ենթադրող որոշումներ: Անգամ ամենակայուն թվացող եւ քաղաքակրթական գերարդիականացման տպավորություն թողած Եվրոպական միությունն է ներկայում կանգնել ռեֆորմացիայի հեռանկարի առաջ: Համաշխարհային գլոբալացման մակարդակը հասել է մի անշրջելի աստիճանի, երբ չեն կարող լինել լոկալ վերափոխումներ: Շղթայական ռեակցիան անխուսափելի է անգամ մեծ ու հզոր տերությունների համար, ուր մնաց այնպիսի փոքր ու երիտասարդ պետությունները, ինչպիսին է Հայաստանը: Ավելի ու ավելի անհնար է դառնում հայրենապաշտական կեղծ կարգախոսներով եւ “համաշխարհային դավադրության” մասին բանդագուշանքներով զսպել ռեֆորմների կենսական անհրաժեշտությունը: Իսկ ռեֆորմները “զոհեր” են պահանջում, ընդ որում օբյեկտիվորեն: Այսինքն, ռեֆորմների արդյունքում ինչ որ մեկը անխուսափելիորեն կորցնելու է ինչ որ բան: Քաղաքակիրթ Եվրոպայում, օրինակ, այդ կորուստները կարող են ցավոտ կամ ճակատագրական չլինել, իսկ ահա Հայաստանում, որտեղ տարիներ շարունակ խժռվել եւ խժռվում է հասարակության եւ պետության էներգիան, ռեֆորմի հետեւանքը կարող է լինել բավական ծանր: Ահա թե ինչու իշխանության երկու ազդեցիկ խմբերի միջեւ կարող է առաջանալ շահերի բախում. ընդ որում, խոսքը միայն ռեֆորմի տակ չմնալուց խուսափելու մասին չէ: Իշխանության երկու ազդեցիկ թեւերն էլ թերեւս լավ են պատկերացնում, որ ռեֆորմը, այսպես, թե այնպես, անխուսափելի է: Եվ այստեղ նրանց շահերի բախումը կարելի է մատուցել թե որպես դրա տակ չմնալու համար պայքար, թե նաեւ որպես պայքար ռեֆորմատորության համար, որքան էլ դա զավեշտալի կամ ծիծաղելի հնչի Հայաստանի ներկայիս իշխանական դասի ընդհանուր նկարագրի ֆոնին: Ընդ որում, այստեղ թերեւս արդեն էական չէ՝ ԲՀԿ ասելով հասկանում ենք Ռոբերտ Քոչարյան, թե միայն Գագիկ Ծառուկյան: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: