Friday, January 13, 2012

Հայ փորձագետ. Իրանին առայժմ չեն հարվածի

News.am. 12-1-2012- Իրանի դեմ ռազմական հարվածը բացառել չի կարելի, բայց այն, ինչ այսօր կատարվում է, հարձակման նախապատրաստում չէ, այլ Թեհրանի վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելու փորձ, որի նպատակը ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Սեւակ Սարուխանյանը: Ըստ նրա`դրանից բացի, Արեւմուտքը ձգտում է Իրանի ուշադրությունը շեղել Սիրիայից` ստիպելով զբաղվել սեփական խնդիրներով: «Դա Արեւմուտքին թույլ կտա Սիրիայում հանգիստ հեղափոխություն անցկացնել, ազատվել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադից եւ այլն: Դրան կնպաստի այդ երկրում Իրանի դիրքերի թուլացումը», - ասել է փորձագետը: Սեւակ Սարուխանյանը նշել է, որ նույն Իրանում նույնպես կան ազդեցիկ ուժեր, որոնց ձեռնտու է իրադրությունը: «Լարվածություն է ստեղծվում, որի հետեւանքով էլ բավականին կտրուկ որոշումներ են ընդունվում: Օրինակ, արմատական պահպանողականները, որոնք ներկայումս իրանական կառավարության մասն են կազմում, իրադրությունն իրենց օգտին են ծառայեցնում: Նրանց ձեռնտու է ԱՄՆ-ի եւ Իսրայելի նման թշնամիներ ունենալը: Բացի դրանից, ինչպես նշել է Սարուխանյանը, Իրանում պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու նպատակով ընտրություններին մասնակցելու համար պետք է ունենալ համապատասխան մարմինների հավանությունը: Փորձագետը վստահ է, որ նրանք կփորձեն օգտվել աճող լարվածությունից` հնարավոր քաղաքական հակառակորդներից ազատվելու եւ հետագայում իշխանության ղեկին իրենց դիրքերն ամրապնդելու համար:

No comments: