Tert.am. 11-1-2012- Հայտնի թուրք գրող, հրատարակիչ, իրավապաշտպան «Բելգե» հրատարակչատան տնօրեն, անազատության մեջ գտնվող Ռագըփ Զարաքոլուն իր փաստաբանի միջոցով Թուրքիայի Ազգային մեծ ժողովին խնդրագիր է փոխանցել, որում կառույցին կոչ է արել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին ճանաչել 20–րդ դարի այդ ոճրագործությունը։
«Չափազանց պարզ է. Օսմանյան պետության ժառանգորդը Թուրքիայի Հանրապետությունն է: 1915թ. ցեղասպանության, դրան հետևած տեղահանության, ձուլման քաղաքականության համար պետք է ներողություն խնդրել։ Բարոյականության տեսանկյունից՝ այդ ներողությունը ոչ թե այլ երկրների խորհրդարաններում պետք է խնդրեն, այլև Թուրքիայի խորհրդարանում: Դա մեզ չի նվաստացնի, ընդհակառակն՝ արժանապատիվ ու ուժեղ կդարձնի։ Անատոլիան պետք է օժանդակի սփյուռքի իր զավակներին գրկաբաց ընդունելու գործին»։
Զարաքոլուն հիշեցրել է, որ լրանում է 1915թ. Ցեղասպանության 100–րդ տարելիցը։ «1915թ. ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի Հանրապետությունն այդ ծանր, բայց միաժամանակ ազնվական պարտավորությունը բոլոր քաղաքացիների անունից իր վրա պետք է վերցնի»,–թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասված է նրա խնդրագրում։
Նշենք, որ Զարաքոլուն ձերբակալվել է 2011թ. հոկտեմբերի 27–ին՝ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը հանդիսացող «Քրդստանի համայնքների միության» (KCK) դեմ իրականացված գործողության ժամանակ:
Նույն այդ գործի շրջանակում՝ հոկտեմբերի 7-ին Ստամբուլում 90-ից ավելի քուրդ ակտիվիստների հետ ձերբակալվել էր նաև Զարաքոլուի որդին` Դենիզ Զարաքոլուն: Նա մեղադրվում է հեղաշրջման փորձ կատարելու և KCK–ին օժանդակելու մեջ։
Զարաքուլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարող ամենահայտնի մտավորականներից է։ Իր այդ գործունեության համար Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հետապնդվել է ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար 2007թ. «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման։ Զարաքոլուն 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել նաև Ջորջ Ջերջյանի ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար:
Thursday, January 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment