Tuesday, January 31, 2012

Ռեպորտաժն ու մարդկային կյանքերը

«Լրագիր» 31-1-2012- Հանրայինի լրատվականը ռեպորտաժ էր պատրաստել բանակային առօրյայի մասին, թե ինչ է սպասում նորակոչիկին բանակում: Ռեպորտաժից պարզ էր, որ նրան բանակում որեւէ վատ բան չի սպասում: Ռեպորտաժը եթեր էր հեռարձակվում այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել բանակում տեղի ունեցած հերթական մահվան դեպքի մասին, երբ եֆրեյտորը գնդակահարել էր իր ծառայակցին: Նույն կերպ, ամանորյա Զինուժն էր ցուցադրում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ստուգայցը զորամասեր, որտեղ ամեն ինչ կարգին էր, մինչդեռ ինչպես պարզվեց մի քանի օր անց, նույն այդ ժամանակահատվածում հոսպիտալում մահանում էր ջրծաղիկով վարակված զինվորը: Այդպիսի դեպքերը ընկալվում են որպես բացառություն, ասվում է, որ “այդպիսի միջադեպեր պատահում են բոլոր բանակներում”: Այսինքն, բանակն ընդհանուր առմամբ բարվոք մթնոլորտով է, ամեն ինչ նորմալ է, կազմակերպված, իսկ միջադեպեր՝ “դե որտե՞ղ չի պատահում, որ մեզ մոտ բացառվի”: Այստեղ խնդիրը միայն միջադեպից անմիջականորեն տուժողի կամ զոհի հարազատների ցավը չէ, երբ նրանց համար ցավը ամենամեծն է եւ ծածկում է ամեն ինչ, ու նրանք չեն տեսնում ընդհանուր լավն ու կազմակերպվածը: Դա նրանց “տեսողության” խնդիրը չէ, ու ոչ էլ “գրանտակերների”: Այստեղ հակառակ կողմի “տեսողության” խնդիրն է: Բանն այն է, որ գլխավոր հարցը, թող տարօրինակ չթվա, ոչ թե մահվան կամ բռնության առանձին դեպքերն են, այլ դրանք ծնող բանակային մթնոլորտը, որի պատճառները բազմաթիվ են: Իրավացի են նրանք, ովքեր որպես արմատ նշում են հասարակության որակը: Իսկապես, հասարակությունը բավական անորակ “հումք” է մատակարարում բանակին: Այն արժեքները, որով ներկայում ապրում է բանակամուտի շեմին կանգնած երիտասարդությունը, մեղմ ասած չեն նպաստում բանակում նրանցից որակապես այլ վարք ակնկալելուն: Բայց, բանակի առաջնային արժանիքը պետք է լինի հենց այն, որ այդ արժեքները զրկվեն դրսեւորման որեւէ դաշտից: Մինչդեռ, ստացվում է, որ դրանք բանակում ստանում են դրսեւորման առավել լայն հնարավորություն, քանի որ “արժեքակիր” զինծառայողները մնում են դեմ առ դեմ, այն էլ զենքով: Իսկ հաճախ էլ, նրանց են միանում ոչ պակաս արժեքակիր սպաները: Ու այդտեղ արդեն հարցը մնում է “բախտի քմահաճույքին”՝ կզոհվի՞ նրանցից որեւէ մեկը, թե ոչ: Մինչդեռ, հանրության շրջանում անորակ երիտասարդական սեգմենտի գերակայության պարագայում, բանակը պետք է դառնա յուրօրինակ ֆիլտր, հանրային բարոյականության յուրօրինակ կոդեքս՝ օրենսգիրք, որն ինքը արդեն որակ եւ արժեքներ կթելադրի երիտասարդությանը, ոչ թե նրանց կրած արժեքներով կփորձի արդարացնել իր մեջ եղած արատները: Այսինքն, բանակային խնդիրը ոչ թե հասարակությունից է գալիս, այլ գալիս է բանակը կազմակերպողներից եւ կառավարողներից, թե ինչպես են նրանք կազմակերպում սպայական կրթությունը, ինչ սկզբունքներով է ձեւավորվում բարձրագույն հրամկազմը, գեներալակազմը: Ինչ արժեքներ են տարածված եւ խրախուսելի այդ հարթություններում, ինչ արժեքներ են այդ հարթություններից իջնում զորամասեր, կազմելով անորակ արժեքների հանդիպակաց հոսքը եւ դուրս մղելով դրանք բանակից: Իրականում, հանդիպակաց հոսքի փոխարեն, նրանք խառնվում են անորակ արժեքների հոսքին, ինչն ավելի վարարում եւ ձեւավորում է այն մարդասպան մթնոլորտը, որտեղ արդեն վիճակագրությունը ոչ միայն մարդկային բարոյականության, այլ նաեւ պարզապես կառավարման արդյունավետության տեսակետից դառնում է զրոյական մի բան, քանի որ, թող ցինիկ չհնչի, կարեւորն այն չէ, թե քանի մարդ է սպանվել, այլ այն, որ գրեթե ցանկացած օր կարող է մի նոր սպանություն լինել: Դա է գլխավոր խնդիրը՝ մթնոլորտը, հանդիպակաց արժեքների հոսքը: Եթե բանակային առօրյայի եւ կառավարման կազմակերպման հիմքում չի դրվում այդ հանդիպակաց հոսքն անհապաղ ապահովելու խնդիրը, դրանից բխող մեթոդաբանական, կադրային եւ կառուցվածքային արմատական փոփոխություններով, բանակում հազիվ թե իրավիճակ փոխվի: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: