
«Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ` ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել` անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային և իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար: Չեմ թաքցնի` օգնության կարիք էլ եմ ունեցել և ունեմ», մասնավորապես ասվում է ուղերձում:
Այս պարբերությունը բավական հետաքրքիր է թե քաղաքական կոնկրետության, թե նաեւ ընդհանրապես իշխանության բնույթի ձեւակերպման, իշխանության ձեւավորման նոր մեխանիզմների կիրառման մտադրության տեսակետից:
Իր ուղերձում Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարում է, որ ինքն ամեն գնով չի ձգտելու մեծամասնություն ստանալ խորհրդարանի ընտրությանը: Եթե նա պահպանի իր խոստումը, դա նշանակում է, որ քաղաքական ուժերը ստիպված են լինելու գնալ դեպի հասարակությունը եւ փորձել ստանալ իրական ձայներ:
Մինչ այժմ, «ընտրությունը» Հայաստանում եղել է ձեւական միջոցառում. նախագահի նստավայրում որոշվում էր, թե ով որքան ձայն ու քվոտա է ստանալու, որից հետո անց էր կացվում այն ձեռնածությունը, որը կոչվում էր «ընտրություն»: Այս անգամ կարծես թե նման բան չի նախանշվում, համենայնդեպս, մինչ այս ուղերձը, կային տեղեկություններ, որ Սերժ Սարգսյանը մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ պետք է գնան եւ պայքարեն ընտրողների ձայների համար: Խոսքը մասնավորապես ՀՅԴ եւ Բարգավաճ Հայաստանի մասին է: Բացի այդ, Հայ ազգային կոնգրեսի պարագայում էլ զգացվում է, որ ձեռք չի բերվել որեւէ պայմանավորվածություն:
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի քաղաքական դասն իրական ընտրությունների: Այս հարցին կարելի է առանց վերապահումների եւ հարյուր տոկոս ճշգրտությամբ պատասխանել՝ ոչ: Բանն այն է, որ վերջին երեք տարիներին քաղաքական դասը ոչ միայն ապացուցեց, որ համարժեք չէ Հայաստանում տեղի ունեցող նոր զարգացումներին, այլեւ ի վիճակի չեղավ առաջադրել որեւէ նոր գաղափար, առաջ քաշել նոր մարդկանց: Քաղաքական դասը վաղուց ընտելացել է այն իրողությանը, որ իրենց փոխարեն իրենց քաղաքական ճակատագրի վերաբերյալ որոշումները կայացնում են ուրիշները: Եւ ներկայում, երբ քիչ ժամանակ է մնացել մինչեւ ընտրություն, դժվար թե նրանք կարողանան «վերադասավորվել», եթե իհարկե Սերժ Սարգսյանը պահի իր խոսքը:
Փոխարենը, կարող է ստեղծվել առաջին հայացքից անհեթեթ թվացող իրավիճակ, երբ ստացվի այնպես, որ ասենք իշխանությունը ձեռնպահ մնա ընտրությունների նախկին մեթոդներից եւ փոխարենը հետեւի այն բանին, թե ինչպես են քաղաքական ուժերը կեղծում ընտրությունները, «բարեգործություններ» անում, ընտրակաշառք բաժանում, դիմում բռնությունների, այսինքն այն ամենը, ինչ նախկինում բնորոշել է հայաստանյան «ընտրությունները»: Այլ մեթոդների հայկական քաղաքական ուժերը, այդ թվում ընդդիմադիր, պարզապես սովոր չեն:
Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը գիտակցված է գնում այս իրավիճակին: Դրա վառ օրինակը Իջեւանի քաղաքապետի ընտրությունն էր, եւ նման մի բան էլ սպասվում է Հրազդանի քաղաքապետի ընտրությանը:
Եթե իրավիճակին մոտենանք հայկական «քաղաքական մտքի» մինչ այժմ ընդունված կաղապարներով, ապա դա Սերժ Սարգսյանի համար կլինի «քաղաքական ինքնասպանություն»: Սակայն, ըստ ամենայնի, համենայնդեպս ուղերձից այդպիսի տպավորություն է ստացվում, Սերժ Սարգսյանը իր համար ձեւակերպել է սեփական իշխանության ձեւավորման «նոր» մեխանիզմը. « Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ` ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան»:
Ահա, այս «բարձր նպատակների» բարձունքից Սերժ Սարգսյանը հետեւելու է խորհրդարանի ընտրությանը, որի արժեքը զուտ իշխանության պահպանման տեսակետից չպետք է լինի այնքան, որքան եղել է նախկինում: Այսինքն, խորհրդարանի ընտրության արդյունքը չպետք է լինի նախագահի ընտրության վրա ազդող վճռորոշ գործոն: Սերժ Սարգսյանը փորձում է ձեւավորել ահա այս իրավիճակը, քանի որ, նախ, չկա ընտրություն կեղծելու ներքին ու արտաքին ռեսուրս, երկրորդ, կյանքը ցույց տվեց, որ «բացարձակ մեծամասնությունն» ի վերջո «վերջն է» բառի բուն եւ անուղղակի իմաստով, եւ երրորդ՝ նա իր փորձից է համոզվել, որ նախկին մեթոդներով չի կարողանալու պահպանել իշխանությունը:
Սերժ Սարգսյանը դրա համար ստեղծում է բոլոր նախադրյալները՝ նա հայկական քաղաքական դասին «հանում է» իր դեմ, ստիպում միավորվել, սեփական կուսակցությանը չի տալիս երաշխիքներ, եւ այդպիսով գնում է խորհրդարանի ընտրությանը, որում ստանձնում է «դատավորի» դեր՝ «բարձունքից» հետեւելով, թե ինչպես է հայկական քաղաքական դասը խաղում իրեն պարտադրվող եւ նախօրոք պարտված խաղը: Եթե իհարկե չհասկանան, որ «շատ ավելի բարձր նպատակներ կան» կան այս կյանքում, քան մանդատ ձեռք գցելը:
Հայկ Արամյան
No comments:
Post a Comment