News.am. 13-1-2012- 1990թ. հունվարի 13: Բաքու: Դեռեւս Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք: Քաղաքում հակահայկական հանրահավաքներ են: Իշխանություն է տենչում նացիոնալ-ֆաշիստական Ժողովրդական ճակատը, որն արդեն իշխում է փողոցում: Հանրապետության ղեկավարությունը չի կարողանում կանխել «իրադարձությունների զարգացումը»: Երեկոյան սկսվում են Բաքվի բնիկ հայերի զանգվածային ջարդերը: Այդ պահին Բաքվի հայերի թիվը 200 հազարից արդեն նվազել էր մինչեւ 50 հազար: Հանցագործների գազազած ամբոխը ձգտում էր արյունահեղության: Ադրբեջանի ժողորդական ճակատը գործում էր «պրոֆեսիոնալ» եւ մեթոդիկորեն: Նախքան հայերի ջարդերը խորհրդային զորքերը արգելափակվել էին Սալյանսկի զորանոցներում: Արդեն զոհեր կային զինծառայողների ընտանիքներում: Պետական իշխանության բոլոր կենտրոնական շենքերը շրջափակված էին Ժողճակատի կողմնակիցներով: Բաքվի ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկում:
Ջարդարարները «երկրորդ շնչառություն» ստացան Մոսկվայից: 1982-ին Մոսկվա մեկնելուց հետո Հեյդար Ալիեւն անում էր ամեն ինչ իշխանության եկած Քյամրան Բաղիրովին, ապա Աբդուրահման Վեզիրովին վարկաբեկելու համար: Իսկ այդ պահին նախիջեւանյան կլանը պատրաստ էր կատարել Ադրբեջանի Կոմկուսի նախկին ղեկավար Հեյդար Ալիեւի յուրաքանչյուր սադրիչ առաջադրանքը:
Նացիոնալ-ֆաշիստների եւ ալիեւյան կլանի ջանքերի միաձուլման հետեւանքը եղավ միջնադարյան ասպատակությունը, սպանություններն ու բռնաբարությունները, հրդեհված տներն ու խանութները: Պաշտոնական տվյալներով, սեփական տներում եւ կենտրոնական փողոցներում սպանվել են մոտ 100 բաքվեցի հայեր: Վիրավորների թիվը ոչ ոք չի հաշվել:
Արտակարգ դրություն մտցնելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հունվարի 19-ի ուշացած որոշումը թույլ տվեց կանխել քաղաքի ամբողջ քրիստոնյա բնակչության սպանդը: Քրիստոնյա` քանի որ հայերից բացի արդեն հարվածի տակ էին նաեւ ռուսները: Միայն Խորհրդային բանակի զորքերի կրակով հաջողվեց վերականգնել կարգը: Իսկ հայերը ստիպված եղան լքել քաղաքը` կորցնելով ամբողջ ունեցվածքը:
Անցել է 22 տարի: Բաքուն «ծաղկում եւ բուրում է» ալիեւյան կլանի ավտորիտար ռեժիմի ճիրաններում: Այժմ առանց որեւէ փոխհատուցման տեղահանում են արդեն հին Բաքվի բնակիչներին: Անհրաժեշտ է կառուցել հյուրանոցներ եւ հսկայական առեւտրի կենտրոններ: Իսկ ալիեւյան քարոզչամեքենան ամեն օր պնդում է, թե «տոլերանտ» Ադրբեջանում «բոլոր էթնոսների եւ կրոնների ներկայացուցիչները միշտ ապրել են խաղաղ»: Ադրբեջանի պետական քարոզչամեքենան նաեւ չի մոռանում հիշեցնել, որ «Իրեւանը Արեւմտյան Ադրբեջանի մայրաքաղաքն է», «հայերը եկվորներ են Կովկասում», «Ադրբեջանն էլ սպորտի հին երկիր է»… Իսկ հայերի ջարդեր «չեն եղել». «հակաադրբեջանական սադրիչ հերյուրանք է»: Արխիվային փաստաթղթերի եւ տեսանյութերի վրա` թքած:
Ստի վրա կյանք կառուցելով` ադրբեջանցիները նմանվելու են թուրքերին, որոնք անչափ ցանկանում են մտնել Եվրամիություն, բայց ամեն անգամ նրանց հիշեցնում են «ինչ-որ Ցեղասպանություն»: Սեփական պատմության խայտառակ ու անջնջելի էջերը ճանաչելու եւ ներում ստանալու մասին խոսք չկա: Ավելորդ չէ հիշեցնել, որ 22 տարի առաջ բազմաթիվ ադրբեջանցիներ հիշեցին պարզ մարդակային արժեքները` փրկելով հարեւան ու ընկեր հայերին:
Friday, January 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment