Monday, January 2, 2012

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորում» ներկայացման հերթական մասը ձախողվեց. հարցազրույց

News.am. 1-1-2012- 2011 թվականը Հարավային Կովկասում հագեցած էր տարաբնույթ իրադարձություններով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ, Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը` ավելացնելով, որ որոշ իրադարձություններ էլ ծավալվել են տարածաշրջանի աշխարհագրական սահմաններից դուրս, սակայն կարող են ունենալ եւ արդեն ունեն լուրջ ազդեցություն: Խոսքը «Արաբական գարունի» եւ Իրանի շուրջ եղած լարվածության մասին է:
«Հարավային Կովկասում մենք ականատես եղանք կանխատեսելի ձախողմամբ ավարտված «ղարաբաղյան հակամարտության կարգավորում» ներկայացման հերթական մասին: Մենք վերլուծում էին ներքաղաքական փոխակերպումները Վրաստանում եւ Հայաստանում, Աբխազիայում դրական գնահատվող նախագահական ընտրությունը եւ Հարավային Օսիայի կանխատեսելի սկանդալային նախագահական ընտրապայարն ու արդյունքը», - նշեց Արեշեւը:
Նրա կարծիքով, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ձեւավորվում են տարբեր դասավորություններ, զանգվածային գիտակցությունում ակտուալ են դառնում ֆիգուրներ, որոնք նախքան այդ հասարակական կարծիքի ստվերում էին: «Խոսքը վրացի միլիարդատեր-բարերար Բիձինա Իվանիշվիլիի մասին է: Նա չի թաքցնում իր իշխանական հավակնությունները: Հայրենիք վերադառնալու հույս ունի Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը», - նկատեց Արեշեւը` ընդգծելով նաեւ փոխատեղումները Հայաստանի իշխանական կառույցներում եւ չբացառելով նոր անակնկալներ: «Ապագայում այդ ամենը կարող է ստեղծել եւս մեկ ինտրիգ», - ասաց փորձագետը:
Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վերաբերյալ Արեշեւը նշեց, որ ռուս-ամերիկյան «վերաբեռնումի» հետ կապված պատրանքը սպառվում է:
«Ռազմական ներուժն ակտիվորեն վերականգնող Վրաստանին զենքի առաքումների վերականգնման մասին ԱՄՆ-ի Սենատի որոշումը սառցալեռան միայն գագաթն է: Ռազմական ծախսերի ավելացումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին: Ռուսաստանի պաշտպանունակության տեսանկյունից առավել սպառնալից է հարավային ուղղությունը: Հնարավոր ռազմական ագրեսիան Իրանի դեմ նշանակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինքնաբերաբար ապասառեցում:
Հյուսիսային Կովկասում աճում է սոցիալական դժգոհությունն ու բնակչության տարբեր խմբերի քաղաքացիական ակտիվությունը, որը կարող է ընթանալ եւ ստեղծագործ, եւ ապակառուցողական հունով», - կարծում է քաղաքագետը:
Անդրեյ Արեշեւն ուշադրություն հրավիրեց տարածաշրջանային բալանսի սրընթաց փոփոխությանը: «Մի քանի տարի առաջ ակտիվորեն շրջանառվող հեռանկարային դաշինքների ստեղծման հավանականությունը սրընթաց մնում է անցյալում: Ամեն երկիր ձեւավորում է սեփական արտաքին քաղաքականությունը` ազգային շահերին համապատասխան: Ծայրահեղ դեպքում ձեւավորվում են զուտ մարտավարական, այսրոպեական դաշինքներ: Միակ բացառությունը Ռուսաստանի ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական համագործակցությունն է Հայաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Այն ունի երկարատեւ բնույթ», - ամփոփեց փորձագետը:

No comments: