Saturday, January 21, 2012

Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին. Մինչեւ մահ պայքարելու եմ, պատվի խնդիր է

News.am. 21-1-2012- Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին։ Կրճատումով ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից. -Ֆրանսիայում ցեղասպանությունը ընդունվել է։ Այս նոր օրինագծից հայերը ի՞նչ օգուտ ունեն։ -Այս օրինագիծը երկու բան է փոխելու։ Թուրքական պետությունը Ֆրանսիայում այլեւս ժխտողական քարոզչություն չի կարող իրականացնել։ Եվ երկրորդ՝ հասարակության մեջ կբարձրանա այս խնդրի վերաբերյալ տեղեկությունները։ -Այս օրինագիծը Թուրքիայում այդքան քննադատվող 301-րդ հոդվածից ինչո՞վ է տարբերվում։ -Հարցը հակառակ կողմից տամ։ Թուրքիան ինչո՞ւ առարկում, երբ Ֆրանսիայում օրինագիծ է ընդունվում, որի նմանը կա հենց Թուրքիայում։ -Դուք սպառնալիքներ ստացե՞լ եք։ -Շարունակ նամակներ եմ ստանում։ Մի անգամ Hurriyet-ը իմ դեմ ստորագրահավաք սկսեց։ Ամբողջ Եվրոպայի թուրքերից ինձ 5 հազար նամակ եկավ։ Եթե այս օրինագիծը անցնի, նման բաներ այլեւս հնարավոր չի լինի։ -Ֆրանսիայում շատերը դեմ են օրինագծին։ Դուք սրա հետ կապված ի՞նչ եք մտածում։ Օրինագծի դեմ հանդես եկող շատ պատգամավորներ փոխեցին իրենց վերաբերմունքը, երբ տեսան Անկարայի արձագանքը։ Ֆրանսիայի նախկին նախագահ Լուի Ժիսկար դ-Էստենը եւս դեմ էր օրինագծին։ Այնուհետ նա հայտարարեց, որ Անկարայից եկած արձագանքներից հետո փոխել է իր միտքը։ -Ֆրանսիայում կա՞ն հայեր, որ համակարծիք չեն ձեզ հետ։ -Ֆրանսիայի բոլոր հայերն ունեն բռնագաղթի եւ կոտորածի պատմություններ։ Դրա համար էլ ժխտողականությունը ոչ մեկի կողմից ընդունելի չէ։ Այս հարցում համակարծիք ենք։ -Ինչքա՞ն եք պայքարելու։ -Մինչեւ մահ։ Սա շատ հոգնեցուցիչ է, սակայն այն պատվի խնդիր է։

No comments: