Panorama.am. 24-2-2012- Մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն չի եղել, այն կազմավորվել է պատմական Արանի տարածքում:
Այդ մասին այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Հայաստանի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան սեյյեդ Ալի Սաղայիանը:
Դեսպանը, հանդիպման սկզբում շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առթիվ, նշեց, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, և երկու երկրների նախագահների մակարդակով տեղի ունեցող բարձր մակարդակի փոխայցերը վկայում են, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են:
Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, դեսպան Սաղայիանը նշեց, որ անցյալ 20 տարիների ընթացքում բազմաթիվ խոշոր ծրագրեր են իրականացվել, որոնցից մատնանշեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը: Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը` դեսպանը նշեց, որ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` վերջերս Երևան կատարած այցելության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև երկաթգծի շինարարության թեմային, միևնույն ժամանակ, ընդգծեց, որ իրանական կողմը պատրաստ է երկաթգծի շինարարությունն իրականացնել մինչև Իրան-Հայաստան սահմանը, հավելելով, որ իրանական ընկերությունները ևս շահագրգռված են երկաթգծի շինարարությունն իրականացնել նաև Հայաստանի տարածքում:
Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցին, դեսպանը, նախ զգուշացրեց, որ հակամարտությանը չպետք է կրոնական երանգ տալ, այնուհետև նշեց, որ հակամարտության ծագման առաջին իսկ պահից սկսած մինչ օրս Իրանը վարել և վարում է հավասարակշռված քաղաքականությունը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային`դեսպանը նշեց, որ ամեն տարի ապրիլի 24-ին ծաղկեպսակ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում:
Պատասխանելով Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների` թալիշներին, թաթերին, լեզգիներին, առնչվող հարցին, Իրանի դեսպանը նշեց, որ ի տարբերություն Իրանում ապրող թալիշների, ադրբեջանաբնակ թալիշները վատ վերաբերմունքի են արժանանում: Շարունակելով թեման` դեսպանը նշեց, որ Իրանի կրոնական փոքրամասնությունների իրավունքներն ամրագրված են սահմանադրությամբ, որն էլ իր հերթին ապահովում է Իրանի հասարակության տարբեր շերտերի խաղաղ գոյակցությունը:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment