Saturday, February 25, 2012

ԱՄՆ դեսպան Հեֆերնի հայտարարությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ: Դեսպանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԱՄՆ դեսպանությունը Երեւանում բացվել է 1992 թվականի փետրվարին: Ես ցանկանում եմ 20-ամյա այս հոբելյանը նշել իմ հայ գործընկերների եւ ընկերների հետ: Մեր երկրների միջեւ հայաբերություններն ամուր են ու ավելի են ամրապնդվում: Բարձր մակարդակի երկխոսություններում, մասնավորապես նախագահ Օբամայի եւ նախագահ Սարգսյանի միջեւ հարաբերությունների նման մակարդակ երբեւէ չի եղել: 2010-ին ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան փաստում էր մեր ամուր բարեկամությունն ու նվիրումը: 2011-ին բարձրաստիճան այցերի մակարդակը պահպանվել է եւ մեր պաշտոնյաները կանոնավոր հանդիպումներ են ունեցել Հայաստանի պետական այրերի, խորհրդարանականների, թե իշխող, թե ընդդիմադիր կուսակցությունների անդամների, գործարարների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մեր հարաբերությունները խորն են եւ համընդգրկում: ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերով Հայաստանից Միացյալ Նահանգներ են այցելել ավելի քան 3500 հայեր: Զարգացմանն ուղղված մեր օժանդակությունն ու համագործակցությունը տարիների ընթացքում կազմել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Ավելի քան 800 ամերիկացիներ ժամանել են Հայաստան որպես Խաղաղապահ կորպուսի կամավորներ` աշխատելով Հայաստանի` իրենց գործընկերոջ հետ երկրի բոլոր մարզերում: Միացյալ Նահանգներն ու Հայաստանը Հայաստանում եւ տարածաշրջանում համատեղ աշխատում են ընդհանուր նպատակների` ժողովրդավարության, բարեկեցության, անվտանգության եւ խաղաղության ուղղությամբ: Ես պատրաստ եմ աշխատել Հայաստանի հասարակության բոլոր շրջանակների հետ, որպեսզի մեր այս հարաբերությունները դառնան ավելի ամուր, եւ զարգացնել մեր համագործակցությունը` օգնելով Հայաստանին հասնել հաջողության: Հայաստանը եւ Ամերիկան միասին պայծառ ապագա ունեն»:

No comments: