1in.am. 25-2-2012- Ադրբեջանում հայ գերիների առկայության պայմաններում պետք է գնանք և թռչկոտե՞նք Բաքվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Արամոն`անդրադառնալով «Եվրատեսիլ-2012»-ի մասնակցության շուրջ ծավալված խոսակցություններին:
Նա նշեց, որ պետք չէ մասնակցել Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին մի քանի պատճառներով: «Ադրբեջանում հայ գերիներ կան, Ադրբեջանում շրջանցում են հրադադարի բոլոր պայմանավորվածությունները, հայ մասնակցի անվտանգությունը երաշխավորված չի լինի և ընդդիմությունը երթ է անցկացնելու մրցույթի փակման օրը: Կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, թե երգարվեստը նման բաներ չի ճանաչում, բայց ես կասեմ, որ պետք չէ մեր մասնակցությունը Բաքվում»,- նշեց Արամոն` հավելելով, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է:
Անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին` նա նշեց, որ չի հասկանում, թե ինչու է այն այդքան երկար քննարկումների առարկա դառնում այն դեպքում, երբ միջինից ցածր երաժշտական մակարդակ ունեցող մրցույթ է: Ըստ նրա` Հայաստանում կան ավելի գլոբալ խնդիրներ, որոնք քննարկման առարկա պետք է դառնան, բայց ոչ այս մրցույթը: ««Եվրատեսիլին» կարող է ներկայացվել և՛ արհեստավարժի, և՛ փականագործի երգը, և կարող է հաղթել փականագործի երգը»,- «Եվրատեսիլ» մրցույթի որակը ճիշտ ներկայացնելու համար նշեց Արամոն:
Նա նաև բարձր գնահատեց շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանի այն հայտարարությունը, որով նա հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում կայանալիք բարձրակարգ որևէ մրցաշարի: Արամոյի կարծիքով` Արոնյանը շատ ճիշտ էր մեկնաբանել, որ նման ճնշումների պայմաններում շատ դժվար է ըստ պատշաճի հանդես գալը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի երգարվեստի երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ չեն մասնակցելու Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» ամենամյա երաժշտական մրցույթին:
Saturday, February 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment