Wednesday, February 1, 2012

Ինչու է խանգարում ԲՀԿ-ն

«Լրագիր» 1-2-2012- Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Բարգավաճ Հայաստանի միջեւ սուր հակադրությունը, որ նկատելի է այժմ, շատերը պայմանավորում են այն հանգամանքով, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն է, որի միջոցով Քոչարյանը փորձում է իշխանությունը հետ վերցնել Սերժ Սարգսյանից եւ նրան կրկին դարձնել իշխանության մեջ ընդամենը երկրորդը, իսկ գուցե արդեն երրորդը եւ չորրորդը: Բայց, արդյոք միայն Ռոբերտ Քոչարյանն է պատճառը, որ խորհրդարանի ընտրության շեմին Սերժ Սարգսյանը բարոյահոգեբանական եւ իրավաքաղաքական հարթություններում հալածում է Բարգավաճ Հայաստանին: Նախ, երեւի թե թյուր է այն կարծիքը, որ ԲՀԿ-ն գտնվում է Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ: Անշուշտ, Քոչարյանն ազդեցություն ունի այդ կուսակցության, մասնավորապես դրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա: Ընդ որում, դա ամենեւին չի նշանակում, որ ազդեցությունը բացառապես արտահայտվում է “ենթակա-ստորադաս” կամ “հրամանատար-կատարող” ձեւաչափով: Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը մտերիմ են նաեւ անձնապես, իսկ դա անկասկած իր հոգեբանական ազդեցությունը կթողնի նրանց քաղաքական գործունեության վրա էլ, մասնավորապես հենց Գագիկ Ծառուկյանի: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը կարող է եւ Ծառուկյանին չարգելել Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել ենթադրենք իքս բանը, այլ կարող է ընդամենը լռել, ենթադրենք, կարող է ասել՝ “Դե քո գործն է, Գագո”, կամ Գագիկ, “ոնց հարմար ես գտնում, այդպես էլ արա”: Բայց Ծառուկյանը կմտածի, որ ինչքան էլ անձամբ իրեն պետք չէ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունը սրել վտանգավորության աստիճանի, այդուհանդերձ եթե նրա հետ իքս բանը պայմանավորվի, ապա դա կարող է Ռոբերտ Քոչարյանին դուր չգալ: Ընդ որում, անձնական կապվածությամբ պայմանավորված այդ հոգեբանական գործոնը գուցե շատ ավելի մեծ ազդեցություն ունենա ԲՀԿ նախագահի քայլերի վրա, քան ուղղակի հորդորը, խորհուրդը, կոչը կամ առավել եւս ցուցումն ու հրամանը: Բայց, այդ ամենից բացի, թերեւս մոլորություն է ԲՀԿ-ի հանդեպ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը միայն Քոչարյանով պայմանավորելը: Բանն այն է, որ անկախ Քոչարյանի հանգամանքից էլ, Սերժ Սարգսյանը պետք է լուծի Բարգավաճ Հայաստանի հարցը, որպես իշխանական երկրորդ կուսակցություն: ԲՀԿ-ն փաստացի մի մեծ ուժ է՝ ֆինանսական, վարչական, մարդկային մեծ ռեսուրսներով, որը գտնվում է իշխանության մեջ՝ Սերժ Սարգսյանի կողքին, բայց մեղմ ասած այդքան էլ վերահսկելի չէ Սարգսյանի համար: Հարցը շատ պարզ է՝ կամ Սարգսյանն ամբողջությամբ եւ անվերապահ վերահսկում է այդ ուժին, այսինքն լուծում է այդ վերահսկելիության հարցը, կամ նրան սպասում են անքուն գիշերներ, երբ Սարգսյանը կարող է ամեն անգամ վեր թռնել դռան ամենաթեթեւ “ճռռոցից” անգամ, մտածելով, որ ԲՀԿ-ն ինչ որ մեկի հետ “փախավ տանից”: Այդ իրավիճակը բնորոշ է ցանկացած ամբողջատիրական իշխանության, որը կախված չէ Սահմանադրությունից եւ հասարակության քվեից, եւ որը բաժանված է երկու մեծ մասերի: Այդպիսով, անկախ Ռոբերտ Քոչարյանի ծրագրերից, Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ չէր կարող չլինել ԲՀԿ-ի հարցի լուծումը՝ կապիտուլյացիայով, կազմաքանդմամբ, լուծարումով, թե որեւէ այլ ձեւով: Բայց որ Սերժ Սարգսյանը չի կարող իր իշխանության հարցը լուծել, քանի դեռ չի լուծել ԲՀԿ-ին ամբողջապես իրեն ենթակայեցնելու հարցը, դա թերեւս միարժեք է: Իսկ կկարողանա՞ արդյոք Սարգսյանը լուծել ԲՀԿ խնդիրը, դա արդեն այլ հարց է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: