Wednesday, February 22, 2012

Ադրբեջանը նոր մեղադրանքներ է ներկայացրել Իրանին. ԻԻՀ Մեջլիսի արձագանքը

Panorama.am. 22-2-2012- «Մեր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանի պաշտոնյաները օժանդակել են «Մոսսադի» գործակալներին»: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քոուսարին: Իրանցի խորհրդարանականը, հակադարձելով նախօրեին Ադրբեջանի առաջ քաշած նոր մեղադրանքներին, հայտարարել է. «Ադրբեջանցի պաշտոնյաները, չկարողանալով հերքել «Մոսսադին» ցուցաբերած իրենց օժանադակության փաստը, առաջ ընկնելով, հայտարարում են, թե Իրանի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորում են ձերբակալել»: Իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ նախօրեին Ադրբեջանը հայտարարել է, որ Իրանի հետ կապեր ունեցող ահաբեկչական մի խմբավորում է բացահայտվել, որը նպատակ է ունեցել Ադրբեջանում գործող օտարերկրացի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչություն իրականացնել: Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Մոսսադի» ծավալած գործունեության առնչությամբ` օրերս Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան էր փոխանցվել բողոքի նոտա, որտեղ իրանական կողմն իր անհանգստությունն էր հայտնում իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Թել Ավիվ ուղևորվելու նպատակով Ադրբեջանում նրանց ունեցած ազատ տեղաշարժի կապակցությամբ: Հավելենք, որ ադրբեջանական «կոնտակտ.ազ» կայքի հաղորդմամբ` նախօրեին Ադրբեջանում բացահայտված ահաբեկչական խմբավորման մասին Ադրբեջանի պետական հեռուստատեսության ցուցադրված ռեպորտաժը վերաբերել է 2008թ.-ին:

No comments: