Thursday, February 16, 2012

Ինչպես են քննարկում Օսկանյանի դիմումը

«Լրագիր» 15-2-2012- Գագիկ Ծառուկյանը նոր է վերադարձել արտասահմանից: Մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը օդանավակայանում նրան տեղեկացնում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամակցության դիմում է ներկայացրել: «Ինչքա՞ն եք տվել», հարցնում է Գագիկ Ծառուկյանը: Խաչիկ Գալստյանը զարմացած նրան է նայում, չիմանալով, թե ինչ տալու մասին է խոսքը: «Ինչքա՞ն ա ուզել, որ մեր անդամ դառնա», հարցը կրկնում է Գագիկ Ծառուկյանը: «Հա, չէ, ոչ մի բան շեֆ, ուղղակի դիմում ա գրել», ասում է Խաչիկ Գալստյանը: «Հա, ուրեմն ինքնըստինքյան ա դարձել մեր անդամ, վատ չի, ինչքան շատ մարդ ինքնըստինքյան դառնա, էնքան շատ կխնայենք, ինչքան շատ խնայենք, էնքան շատ մարդ կարանք անդամ դարձնենք», գոհունակությամբ ասում է Գագիկ Ծառուկյանը: «Ուզում եք հանգստանալ, նո՞ր քննարկենք դիմումը կուսակցությունում, թե՞ քննարկենք, նոր միանգամից հանգստանաք», ասում է Խաչիկ Գալստյանը: «Ինչ քննարկում, այ Խաչիկ, մարդը ինքնըստինքյան մեր անդամ ա դարձել, էլ ինչ քննարկենք», ասում է Գագիկ Ծառուկյանը: «Դե կարգն է այդպես, շեֆ, մենք հո անկարգ չենք, մենք կարգին կուսակցություն ենք», ասում է Խաչիկ Գալստյանը: «Բա դե տենց ասա Խաչիկ, ասա որ կուսակցության անդամ ա ուզում դառնա», ասում է Ծառուկյանը: «Ինչի՞ շեֆ, ուրի՞շ ինչի անդամ կարող էր դառնալ», հարցնում է զարմացած Գալստյանը: «Դե, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի, էլ ինչի», ասում է Գագիկ Ծառուկյանը: Խաչիկ Գալստյանը մի քիչ էլ զարմանում է, որ շեֆը կարող է խառնել բարեգործական հիմնադրամն ու կուսակցությունը: «Շեֆ, բայց հիմնադրամին ո՞նց կանդամակցի, մանավանդ որ ինքը իրա հիմնադրամն ունի», ասում է Խաչիկ Գալստյանը: «Իյա, բա որ իրա հիմնադրամն ունի, բա իրա կուսակցությունն ինչի՞ չունի», զարմանում է Գագիկ Ծառուկյանը: «Դե պարտադիր չի էլի, որ հիմնադրամ ունեցողը կուսակցություն էլ ունենա», ասում է Խաչիկ Գալստյանը: «Լուրջ ե՞ս ասում, Խաչիկ: Իյա, բա մեր թագավորը ինչի ասեց պարտադիր ա, որ եթե ուզում ես հիմնադրամ ունենաս, պետք ա կուսակցություն էլ պահես, որ հիմնադրամը ձեռիցդ չառնեն», բարձրաձայն մտածում է Գագիկ Ծառուկյանը: «Ի՞նչ թագավոր, շեֆ ջան», փորձում է շեֆի տարիքը վերագուշակել Խաչիկ Գալստյանը: Ծառուկյանը հասկանում է, որ Գալստյանի մոտ պատմական հիշողության խնդիրներ կան. «Էդ պրեզիդենտը մասոններն են հնարել, հայերիս համար ճիշտը թագավորն ա», ասում է Գագիկ Ծառուկյանը: «Շեֆ, հիմա ի՞նչ անենք, գնա՞նք քննարկենք Օսկանյանի դիմումը», պատմական փոքրիկ ակնարկից տպավորված արքայահպատակի ինքնագոհությամբ ասում է Խաչիկ Գալստյանը: «Լավ, գնանք քննարկենք, հետո նոր կհանգստանամ: Որտե՞ղ ենք քննարկելու», ասում է Ծառուկյանը: «Դե Օջախ պետք ա գնանք», ասում է Խաչիկ Գալստյանը: «Ու՞մ օջախ», հարցնում է Ծառուկյանը: «Ռեստորան Օջախ», ասում է Գալստյանը: «Այ Խաչիկ ջան, Օսկանյանի դիմումը քննարկելու համար ռեստորան գնում ենք ինչ անենք», ասում է Ծառուկյանը զարմացած: «Դե, մտածեցինք կուսակցական միջոցառումների զգալի մասը այնտեղ ենք անում, ու այս անգամ էլ որոշեցինք այնտեղ հավաքվել եւ ձեզ այնտեղ սպասել, շեֆ», ասում է Խաչիկ Գալստյանը: Ծառուկյանը համակերպվում է: Ռեստորանի դահլիճում եռուզեռ է: Անկյունում տոտալիզատոր է, որտեղ խաղադրույքներ են ընդունվում Օսկանյանի դիմումի ընդունելու հավանականության վերաբերյալ: Ընդունվելու գործակիցը 0,1 է, չընդունվելունը՝ 99,98, իսկ դիմումը ՀՀԿ-ին վերահասցեագրելու գործակիցը՝ 50+1: «Մի հատ թարգեք էդ ղումարը, դուք կուսակցություն եք, թե բուլտերյերական գրասենյակ», զայրանում է Ծառուկյանը, տեսնելով այդ տոտալիզատորը: «Բուքմեյքեր, շեֆ, բուքմեյքերական» կողքից փորձում է հուշել Խաչիկ Գալստյանը: «Խաչիկ, ես գիտեմ ինչ եմ ասում», նրան սաստում է Ծառուկյանը: «Ուր ա, դե բերեք դիմումը, ու հերթով ասեք ինչ կարծիքի եք Վարդանի մասին», ասում է Ծառուկյանը կուսակիցներին: «Դե ինչ կարծիքի պետք ա լինենք, շեֆ ջան, Սերժի մարդն ա», ասում է Նաիրա Զոհրաբյանը: «Ոնց թե Սերժի մարդն ա», զարմանում է Ծառուկյանը: «Հա, բա դրա համար էլ ասում ա Սերժին ենք սատարելու», ոգեւորվում է Զոհրաբյանը, ուրախացած, որ կուսակցապետի համար կարեւոր տեղեկատվություն է բացահայտել: «Այ մարդ, ես Բոստանջյան Վարդանի մասին չեմ ասում, ես Օսկանյան Վարդանի մասին եմ ասում», Զոհրաբյանի ոգեւորության վրա ջուր է լցնում Ծառուկյանը: «Հա, դե Օսկանյանի մասին ինչ կարծիքի պետք ա լինեմ: Շատ ցիվիլ մարդ ա, իսկական մեր կուսակցության համար ծնված: Հազիվ մի հատ կարգին Վարդան կունենանք», ասում է Նաիրա Զոհրաբյանը: «Նայեք հա, տեսեք ում հետ քավորություն բան ունի, ասեք թող գլխանց հրաժարվի», անկյունից քմծիծաղ է տալիս Վարդան Բոստանջյանը: Նաիրա Զոհրաբյանը ծակող հայացքով նայում է նրա կողմ, բայց ոչինչ չի հասցնում ասել, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը Բոստանջյանին հարցնում է. «Վարդան, դու սատարու՞մ ես Օսկանյանի դիմումը»: «Եթե ասեմ սատարում եմ, կներե՞ք, որ ասել եմ Սերժին ենք սատարում», հարցնում է Վարդան Բոստանջյանը: «Վարդան ջան, ինձ որ մնա՝ կներեմ, բայց իմ ներելով չի: Ներելու պահով արդեն Օսկանյանին հարցրա, ինքը ում որ պետք ա կհարցնի: Բայց լավ կլինի որ սատարես, որովհետեւ ինքն էլ Վարդան ա, տգեղ ա, որ Վարդանը Վարդանին չսատարի: Բա էդ դեպքում Վարդանը ինչի՞ն սատարի, եթե Վարդանին չսատարի: Մեկս մեկով ենք մարդ, Վարդան ջան», անկեղծանում է Գագիկ Ծառուկյանը: «Ես Արամ եմ, բայց ես պատրաստ եմ սատարել պարոն Օսկանյանին», հայտարարում է Արամ Սաֆարյանը. «Ես նրան սատարում եմ դեռ այն ժամանակներից, երբ Վարդան Մինասիչը Հայաստանի արտաքին քաղաքական շահերն էր պաշտպանում աշխարհի տարբեր քաղաքներում: Ես դեռ այն ժամանակ էի ասում, թե ախ, տեսնես երբ կգա այն օրը, որ այս մարդը պաշտպանի ԲՀԿ-ի շահերը: Ես միշտ էլ համարել եմ, որ լավ դիվանագետը լավ ԲՀԿ-ական կդառնա: Ավելին, երբ Հայաստանի արտգործնախարարը տարիներ առաջ իր հեռուստաելույթներից մեկում ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, ինձ համար դեռ այն ժամանակ հասկանալի էր, որ սկզբունքները ընդունելով որպես բանակցային գործընթացի շարունակության հիմք, Վարդան Օսկանյանը իր դիմումն է նախապատրաստում Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամակցելու համար, քանզի մադրիդյան սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների վրա՝ Բ, Հ եւ Կ»: «Իսկապես, ինձ էլ միշտ հիացրել ա Վարդան Օսկանյանի սկզբունքայնությունը, քաղաքական մշակույթի եւ վարքաբանության բարձր մակարդակը, նրա ժամանակակից հայացքը քաղաքական ներքին եւ արտաքին անցուդարձի, նրա համարժեքությունը մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերների հանդեպ: Ես ավելին կասեմ՝ Վարդան Օսկանյանն այն պովիդլոն է, որը կամբողջացնի ԲՀԿ կարամելը», հայտարարել է Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը: «Էէ, դե, հասկանում եմ, որ սիրում եք Օսկանյանին: Ես էլ եմ սիրում, լավ մարդ ա, անշառ մարդ ա, բայց դուք ինձ հլը էն ասեք, հիմա որ Օսկանյանի դիմումն ընդունենք, մեր համար լավ ա՞, թե վատ», ասում է Գագիկ Ծառուկյանը: “Գագիկ Նիկոլայիչ, էդ դուք պետք ա ասեք ախր, թե չէ մեր համար սենց էլ վատ չի: Եթե Վարդան Օսկանյանի գալով մեզ համար ավելի լավ ա լինելու, է թող գա: Բայց եթե գալու ա ու մեր համար վատ ա լինելու, բա էդ դեպքում դո՞ւք որ օրվա համար եք”, ասում են քննարկման մասնակիցները միաբերան: “Հա՞, դե ուրեմն այդ մասին հաջորդ դասին, իսկ թե որ օրվա համար է հաջորդ դասը, արդեն ինձ կասեն հաջորդ դասին”, ասում է Գագիկ Ծառուկյանը: Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին

No comments: