Thursday, February 16, 2012

«Հայկական հարցը» վերադառնում է

Panorama.am. 15-2-2012- Օրինաչափ է երևի, որ հայաստանյան մամուլն աննշան ուշադրություն դարձրեց Ֆրանսիայի Ազգային ժողովում փետրվարի 7-ին դրսևորված բուռն բախմանը: Դե, տեղի ունեցածը թաղային հեղինակությունների փոխանակած «հաճոյախոսություններ» չէին, որ լայնորեն լուսաբանվեին ու քննարկվեին, այլ, գուցե թե հայկական իրականության համար սակավ հետաքրքիր դրսևորում` քաղաքակրթությունների բովանդակության մասին հայեցակարգորեն հակասական պատկերացումներից առաջացած լարվածություն: ՙ«Մեղավորը» Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, նախագահ Սարկոզիի թիմակից Կլոդ Գեանն է, որը փետրվարի 4-ին հայտարարել էր, թե` աջ մեծամասնության կարծիքով, ոչ բոլոր քաղաքակրթություններն են, որ արժանի են միմյանց: Այսինքն, թեկուզև քողարկված, սակայն ըստ էության ընդծվեց ու շեշտադրվեց քաղաքակրթական գերադասության և ստորադասության դրույթը: Նրա հետագա բացատրություններն, ըստ էության, բովանդակային առումով ոչինչ չեն փոխում, թե ինքը կոնկրետ մշակույթ և հանրապետական արժեհամակարգն ընդունող մահմեդական համաքաղաքացիներին նկատի չի ունեցել: Հատկանշական է, որ Գեանի մոտեցումը խոստանում է լինել կենսունակ, որովհետև սակավաթիվ չեն այն ընդունողները: Մյուս կողմից, սակայն, տեսության նկատմամբ դիմադրությունն էլ պակաս ուժգին չի լինելու, որովհետև քչաքանակ չեն նաև այն մերժողները: Վերջինների մեղադրանքներն արդեն հնչել են` դա նացիստական, համակենտրոնացման ճամբարներ ծնած եվրոպական գաղափարախոսության արտահայտություն է: Տվյալ դեպքում կարևոր է նկատի առնել հանգամանքը, որ սա Սարկոզիի թիմակցի կողմից թույլ տրված լեզվի սայթաքում չէր պարզապես, այլ մտածված, ծանրութեթև արված մոտեցման դրսևորում: Նույն թեմայով վերջին ժամանակահատվածում այդպիսի շեշտադրումներ էլի են եղել. Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրեթե միաժամանակ հայտարարեցին, թե բազմամշակութայնության (multiculturalism) տեսությունը պրակտիկայում ձախողվել է: Չի բացառվում ամենևին, որ մոտ ապագայում այս կամ այն սրությամբ նույնաբովանդակ մտքերի «հրապարակայնացում պահանջվի» եվրոպական այլ երկրներում ու կազմակերպություններում ևս: Հետևաբար, սա պետք է ընդունել ի գիտություն և հասկանալ, որ այս և այսօրինակ տենդենցները չեն շրջանցելու 19-րդ դարի երկրորդ կեսից պարբերաբար ակտուալացվող հայկական հարցը, որն այս փուլում եվրոպական քաղաքական օրակարգում է հայտնվել ի դեմս ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական նախագծի: Այստեղ տեղին է անդրադառնալ ֆրանսիական նախաձեռնությանը, այն հիմքով, որ անկախ կարճաժամկետ կտրվածքով օրինագծի շուրջ տեղի ունենալիքից, հայկական խնդիրը վերադարձվում է եվրոպական քաղաքականության երկարաժամկետ քննարկումների օրակարգ և ժամանակ առ ժամանակ երևան կհանվի տարբեր ձևակերպումներով և առիթներով, տարբեր հարթակներում և փաթեթներում: Հայկական հարցը ներմուծվում է բազմամշակութայնության գաղափարախոսության մերժման գործիքակազմ` անհրաժեշտության դեպքում գործի դրվելու համար: Թե որտեղ, քաղաքական գործընթացի որ փուլում (ընտրություններից առաջ, քարոզչական ճնշումների տիրույթում, թե այլ առիթներով) կնախընտրեն այն օգտագործել, մեծ իմաստով նախաձեռնության տվյալ պահի հեղինակների համար առավելապես մարտավարական նշանակություն կունենա: Առաջիկա տարիներին հարցն ակտուալացվելու է տարբեր ինտենսիվությամբ ու ծավալով, հայտնվելով արևմտյան քաղաքականության հրատապ օրակարգում: Ըստ այդմ, գիտակցված կամ ոչ հայկական հարցի ակտուալացման միտումը, ըստ երևույթին, Հայաստանում կառաջացնի ինքնագոհ ու ինքնաքարոզիչ հեքիաթասացների ու կենացասացների փաղանգ. յուրաքանչյուր առիթը տեղը տեղին կանցկացվի ՙքարոզչաղացով՚, թեպետ անհրաժեշտ է ոչ այնքան դա, որքան հնարավորությունների կողքին նաև մարտահրավերները տեսնելը: Եվրոպական արդի քաղաքականության մեջ օրեցօր ավելի հստակորեն երևակվող այս տենդենցը նույն «մոդեռն» կնիքով նոր մարտահարավեր է նաև Հայաստանի ու հայության համար, դիտարկելի ապագայում առաջին հերթին ինտելեկտուալ հարթության վրա: 19-րդ և 20-րդ դարերի սահմանագլխին հայության նյութական ու մտավոր պոտենցիալը չբավարարեց դիմագրավելու հայկական հարցի ակտուալացումից բխող վտանգներին: 21-րդ դարում վտանգները չեն վերացել, դրանք պարզապես տրանսֆորմացվել են և նորովի են դրսևորվում թե քաղաքակրթական, թե քաղաքական, թե ինֆորմացիոն, թե մշակութային, թե տնտեսական ու ռազմական ոլորտներում: Ասել, թե նորադեմ մարտահրավերններն ավելի գիտակցված ու դիտարկված են այսօր, քան ժամանակի մարտահրավերները 100 տարի առաջ, կլինի չափազանցություն: Մտածել, թե կենսական ու ինտելեկտուալ ներուժն այս անգամ էլ բավարար չէ, կլինի մոլորություն: Հայությունն այսօր ունի պետություն, այն այլևս փլուզվող կայսրությունների հպատակների հանրույթ չէ, իսկ պետությունը, ի տարբերություն հանրույթի, պարտավոր է ունենալ քաղաքական պլանավորում, ստրատեգիա և այդ ռազմավարությունը որակով իրականացնողներ: Միայն թե այս գործը քծնանքով իշխանության կողքին հայտնվածներով գլուխ չի գա: Ծավալվելիք խաղին եվրոպական միջավայրից տեղյակ ու գիտակ մասնակիցներով ներկայանալ է հարկավոր: Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները շանս են, այս անգամ ևս մի վարվեք ինչպես միշտ: Հեղինակ` Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

No comments: