Wednesday, February 15, 2012

Իսրայելը Թուրքիայի հետ տանգոյի կողմնակից է. Սիլվան Շալոմ

Tert.am. 15-2-2012- Թուրքիայի ու Իսրայելի միջև լավ հարաբերություններն օգտակար են ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլև ողջ տարածաշրջանի համար: Այս մասին թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում ասել է Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը: «Երկու երկրների միջև համագործակցությունը ոչ այսօր է սկսվել և ոչ էլ երեկ, այլ 1951 թվականին: Թուրքիան առաջին մուսուլմանական երկիրն է, որը մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, և Իսրայելը միշտ նրան ընկալել է որպես իր ռազմավարական գործընկերը տարածաշրջանում»,- ասել է նա: Շալոմը հիշեցրել է, որ իր` արտաքին գործերի նախարար եղած ժամանակ հաճախակի հանդիպումներ է ունեցել իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլի հետ, ով այժմ նախագահ է: «Այսօր մեր հարաբերությունները հեռու են օրինակելի լինելուց: Եթե ինձ հարցնեն` ինչպիսին են երկկողմանի հարաբերությունների նորմալացման հեռանկարները, ես կմեջբերեմ ամերիկյան հետևյալ ասացվածքը` «տանգոն մենակ չեն պարում»», - ասել է նա: Երկու երկրների հարաբերությունները վատացել են Իսրայելի կողմից 2010թ. թուրքական «Մավի Մարմարա» նավը զավթելուց հետո, ինչի համար Թուրքիան Իսրայելից ներողություն է պահանջում: Փոխվարչապետն այս առումով նշել է, որ իր երկիրը հանդես է եկել ու գալիս հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն, քանի դեռ Թուրքիան շարունակում է ներողություն պահանջել, համաձայնության հասնելը դժվար կլինի:

No comments: