Tert.am. 31-1-2012- Պաշտոնական Անկարան ողջունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով Սահմանադրական խորհուրդ դիմելու ֆրանսիացի սենատորների որոշումը։
Այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Սենատի կողմից օրեր առաջ ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում է ներկայացվել (անհրաժեշտ 60 ստորագրության փոխարեն 72 սենատորի ստորագրություն էր հավաքվել)։
«Բազմադարյա ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրի խորհրդարանականները ճիշտ քայլ կատարեցին՝ ի պաշտպանություն իրենց արժեքների»,–ասել է Գյուլը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն էլ ասել է, թե ֆրանսիացի սենատորները Ֆրանսիայի ժողովրդավարական ավանդույթներին համապատասխանող քայլ են ձեռնարկել։
Իսկ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նշել է, թե ֆրանսիացի սենատորները, սահմանադրական խորհուրդ դիմելով, «պաշտպանում են իրենց երկրի պատմական արժեքները»։ Նա հավելել է, թե Թուրքիան ուշադիր հետևում է օրինագծի շուրջ զարգացումներին և ակնկալում է, որ Սահմանադրական խորհուրդն արդարացի որոշում կկայացնի։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Սենատում օրինագծի քվեարկությունից առաջ Էրդողանը հայտարարել էր, թե օրինագծի ընդունումը շատ ծանր հետևանքներ է ունենալու թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար։ Պաշտոնական Անկարան այժմ հայտարարում է, թե սպասում է վերոնշյալ օրինագծի շուրջ զարգացումներին և համապատասխան քայլեր ձեռնարկելու է վերջնական որոշումից հետո։
Wednesday, February 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment