Tuesday, February 7, 2012

Երուսաղեմի հայերին թույլ չեն տալիս օգտվել հայկական թաղամասին պատկանող ավտոկայանատեղիից

1in.am. 6-2-2012- Երուսաղեմի հայերին թույլ չեն տալիս օգտվել հայկական թաղամասին պատկանող ավտոկայանատեղիից, որի դեմ հայերը բողոքում են: Այս մասին Երուսաղեմից «Առաջին լրատվական»-ին մանրամասներ հայտնեց հայր Բագրատը: Նա նշեց, որ Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում հայկական թաղամասի և հրեականի միջև, Հայոց պատրիարքարանի հարևանությամբ գոյություն ունի ավտոկանգառ, որից տարիներ շարունակ օգտվել են թաղամասի բնակիչները`կայանման համար համապատասխան գումար վճարելով: Հայր Բագրատը շարունակեց՝ մանրամասնելով, որ 1970-ական թվականներին այն վարձու տրված է Երուսաղեմի քաղաքապետարանին՝ 99 տարի ժամանակաշրջանով: «Ըստ համաձայնագրի` քաղաքապետարանն իրավունք ուներ այն վարձակալության հիմունքներով տրամադրել և այդպես էլ եղավ: Քաղաքապետարանից ավտոկայանատեղին վարձակալեց մի հրեական ոչ հայտնի ընկերություն: Ընկերությունն այսօր արգելել է հայերին իրենց ավտոմեքենաները կայանել թաղամասում գտնվող ավտոկայանատեղիում`պատճառաբանելով, որ հայերն արդեն իսկ ունեն կայանատեղի, սակայն այն գտնվում է թաղամասից բավականին հեռու: Մեր պահանջն է քաղաքապետարանից վերանայել այս հարցը, քանի որ դա հանրային կայանատեղի է, և բոլորը, մասնավորապես բնակիչներն իրավունք ունեն օգտվելու»,- մեկնաբանեց հայր Բագրատը`հավելելով, որ Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչները սպասում են քաղաքապետարանի արձագանքին`հուսալով, որ այն կլինի օրենքի սահմաններում: Հայր Բագրատն ընդգծեց, որ այս որոշման մեջ դիտավորություն է տեսնում, որովհետև յուրաքանչյուր անհատ իրավունք ունի իր տան ամենահարմար մասում կայանել իր ավտոմեքենան: «Առանց խորհրդակցելու բնակիչների հետ նման որոշում է կայացվել: Մեր առարկությունն այն է, որ հայերն ունեն այդ կայանման իրավունքը: Դա հանրային կայանատեղի է: Նամանավանդ, որ բնակիչները մոտ են այդ կայանատեղիին: Օրենքով նախընտրությունը տրվում է բնակիչներին»,- եզրափակեց իր խոսքը Երուսաղեմում բնակվող հայր Բագրատը:

No comments: