Saturday, February 18, 2012

Ստամբուլահայ լրագրողը նոր կառուցված ժայռափոր գերեզմանի բացմանը կհյուրասիրի հալվա եւ գինի

News.am. 18-2-2012- Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանը փետրվարի 19-ին պատրաստվում է Իզմիրի Շիրինջե գյուղի մոտ լեռան վրա կառուցված ժայռափոր գերեզմանի բացմանը, որի կառուցման համար դատապարտվել է 5 ամիս բանտարկության։ Թուրքական Demokrat haber կայքի հետ զրույցում նշել է, թե ուրախ է, որ կառուցել է 2 հազար տարի առաջ կառուցված ժայռափոր գերեզմանների օրինակը՝ հաշվի առնելով բոլոր մանրամասները։ Նա շեշտել է, թե հարյուրավոր ժայռափոր անտիկ գերեզմաններ է ուսումնասիրել, սակայն կառուցել է յուրովի եւ ոչ մեկին չկրկնող։ Նիշանյանը նշել է, թե դեռ չի մտածում իր կառուցած գերեզմանում թաղվելու մասին՝ շեշտելով, թե նման հարցերի շուրջ կմտածի մահանալուց հետո։ Նա հավելել է, որ զբոսաշրջային նշանակության ունեցող ժայռափոր գերեզմանի բացմանը, որը տեղի կունենա փետրվարի 19-ին Շիրինջե գյուղում, կհյուրասիրվի հալվա եւ գինի։ Նշենք, որ թուրքական դատարանը 10 օր առաջ Սեւան Նիշանյանին դատապարտել է 5 ամիս ազատազրկման՝ Իզմիր նահանգի Սելչուքի շրջանի Շիրինջե գյուղի վերջում գտնվող լեռան վրա առանց թույլտվության ժայռափոր գերեզման կառուցելու համար։ Նիշանյանը հայտարարել էր, թե բողոքարկելու է դատարանի վճիռը։ «Ինձ չի հետաքրքրում այդ որոշումը։ Ես դեռ 2-րդն եմ կառուցելու։ Իմ դեմ ընթացող դատական գործերը շարունակվում են։ Արդեն մոռացել եմ թե քանի անգամ եմ դատապարտվել»,-ասել է Նիշանյանը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիշանյանին դատապարտել էին Շիրինջե գյուղում առանց թույլտվության բուտիկ-հյուրանոց կառուցելու համար։ Որոշում էր կայացվել քանդել «Նիշանյանի տներ» կոչվող այդ բուտիկ-հյուրանոցը, սակայն մեծ արձագանքի հետեւանքով այն չեղյալ համարվեց։

No comments: