Saturday, February 18, 2012

Սա նախաձեռնություն չի, սա պոռթկում է. Տիգրան Խզմալյան

Tert.am. 17-2-2012- Մաշտոցի այգում սկիզբ առած բողոքի ակցիան «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը համեմատում է ԽՍՀՄ–ի փլուզման պատճառ դարձաձ հասարակական ընդվզման նախնական դրսևորումների հետ, որոնք, ըստ նրա, ևս «բնապահպանական արմատներ» ունեին։ «Սա նախաձեռնություն չի, սա պոռթկում է, որը ընթացքում դառնում է նախաձեռնություն, հետո դառնում է հասարակություն, իսկ դա էլ դառնում է հեղափոխություն»,– ասաց Տիգրան Խզմալյանը՝ մեր այն հարցին ի պատասխան, թե ինչ գնահատական ունի նա այս նախաձեռնությանը և բնապահպանների վճռականությանը: Տիգրան Խզմալյանը հիշեց 80 ականների վերջին փլուզված Խորհրդային կայսրությանը. «Մենք այն ժամանակ երիտասարդներ էինք, ու ամեն ինչ սկսվեց բնապահպանական միտինգներից և հետո ամեն ինչ վերջացավ նրանով, որ փլվեց մի ամբողջ կայսրություն»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Կինոռեժիսորը նշեց, որ քաղաքապետը այստեղ կամակատար է, և նրան չէ, որ պետք է մեղադրել. «Պետք չէ խառնել գործիքներին և գործող անձնանց: Այն մարդը, ով իրեն համարում էր խամաճիկների թատրոնի ռեժիսոր, չի նկատում, որ ինքն է այս ամենում դառնում խամաճիկ»,- եզրափակեց Տ. Խզմալյանը: Մեզ հետ զրույցում «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն կարևոր համարեց այն, որ եթե առավոտյան ակտիվիստները 10 հոգի էին, իսկ ոստիկանները 60, երեկոյան կողմ պատկերը արդեն այլ էր, ոստիկանները դարձան 10 իսկ ակտիվիստները 60-ից ավել: Նշենք, որ այսօր առավոտից բնապահպան ակտիվիստները պայքարում էին Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ։ Չնայած առավոտից ոստիկանության ստորաբաժանումները հատուկ ռեժիմով ծառայություն էին իրականացնում, սակայն ակցիայի մասնակիցների թիվը օրվա ընթացքում գնալով աճում էր: Երեկոյան կողմ բնապահպանները հատարարություն էին ընդունել, որ իրենք չեն հեռանա, մինչև այգի չգա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ավելի ուշ, սակայն, բնապահպանները մեկ այլ որոշում ընդունեցին, ըստ որի քաղաքապետին իրենք Մաշտոցի այգում կսպասեն վաղը, իսկ եթե վաղն էլ քաղաքապետը չեկավ, ապա ակցիան կշարունակվի արդեն երկուշաբթե, բայց արդեն քաղաքապետարանի դիմաց։

No comments: