Tuesday, February 21, 2012

Տասն օրվա ընթացքում Իրանը երկրորդ բողոքի նոտան է հղում Ադրբեջանին

Panorama.am. 212-2-2012- Ադրբեջանում ձերբակալված լրագրողների փաստի առնչությամբ Բաքվում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ադրբեջանական կողմին: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն տեղեկատվության` ԻԻՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Լրագրողների ձերբակալության փաստը հակասում է միջազգային նորմերին, ուստի Իրանի դեսպանությունը պահաջում է, որպեսզի լրագրողներն անհապաղ ազատ արձակվեն»: Հավելենք, որ այսօր ԻԻՀ նախագահի եղբայրը` Դավուդ Ահմադինեժադը ևս քննադաել էր Բավքում իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալության փաստը, ով նշել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո է Ադրբեջանը գնացել այդ քայլին և հավելել, որ Ադրբեջանի նման երկրները գործում են գերտերություններին կից, ուստի, անկախություն, որպես այդպիսին, չունեն, իսկ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆաթեմե Ալիան, երեկ անդրադառնալով վերոնշյալ խնդրին, հայտարարել էր, Ադրբեջանի նմանօրինակ սատանայություններն անպատասխան չեն մնա, իսկ Իրանի պատասխանը կտրուկ կլինի: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը: Նկատենք, որ ս.թ. փետրվարի 13-ին ԻԻՀ ԱԳՆ ևս մեկ բողոքի նոտա էր հղել Ադրբեջանին, որն առնչվում էր իրանցի գիտանականների նկատմամբ ահաբեկչություն իրականացրած անձանց` Ադրբեջանում ունեցած գործունեությանը:

No comments: