«Լրագիր» 22-2-2012- “Մենք կառուցում ենք Հայաստան, որ պիտի մարմնավորի մեր մարդկային ու ազգային արժանապատվությունը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ստացվելու է: Պետք է հավատանք, որ ստացվի: Պետք է հավատանք, որ շարունակենք փոխել”, ասում էր Սերժ Սարգսյանը Երկրապահի համագումարի ելույթում:
Դրանից մի քանի օր անց, Սերժ Սարգսյանը արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհեց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին:
Միհրան Պողոսյանը հանրությանը հայտնի “աղմկահարույց” պաշտոնյաներից մեկն է: Նրան են վերագրվում բազմաթիվ բիզնեսներ, ներկրումներ, մամուլը գրում էր, որ նա ուներ սուպերմարկետների ցանց, որը վերջերս վաճառեց: Միհրան Պողոսյանի բիզնեսների առկայության մասին է վկայում նաեւ այն, որ նա ունի Քեթրին բարեգործական հիմնադրամ: Հազիվ թե այդ հիմնադրամի միջոցները գոյանան Պողոսյանի ԴԱՀԿ պետի աշխատավարձից:
ԴԱՀԿ պետը նաեւ հայտնի դարձավ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հեռացման ժամանակ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Դանիելյանին հեռացրել են, քանի որ նա չի կատարել ԴԱՀԿ պետին անկարգության համար պատժելու հանձնարարությունը: Իսկ Միհրան Պողոսյանին պատժելու հանձնարարություն էին տվել այն բանի համար, որ նա մարդ էր ծեծել իր աշխատասենյակում: Ընդ որում, ըստ մամուլի հրապարակումների, Պողոսյանն առաջին անգամ չէ, որ մարդկանց հետ այդպես է վարվում:
Հիմա նա ստանում է արդարադատության գեներալ-մայորի կոչում: Այդ կոչումը շնորհում է Սերժ Սարգսյանը, ով ԵԿՄ համագումարում հայտարարում էր երկրի արդիականացման մասին եւ ասում, թե պետք է հավատանք, որ ստացվի փոխել երկիրը:
Ինչի՞ն է հավատում Սերժ Սարգսյանը Միհրան Պողոսյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելով՝ արդարադատությա՞նն է հավատում, թե՞ հավատում է, որ երկիրը փոխելու, “մեր մարդկային ու ազգային արժանապատվությունը մարմնավորող Հայաստան” ձեւավորելու համար պակասում էր Միհրան Պողոսյանի գեներալական կոչումը:
Հավատո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանն այդ Հայաստանը ձեւավորելու մասին իր իսկ խոսքերին: Իսկ ուզու՞մ է արդյոք, որ քաղաքացին էլ հավատա: Թե՞ վստահ է, որ քաղաքացին միեւնույն է չի հավատալու, եւ կարեւորը համարում է այն, որ Միհրան Պողոսյանն ու իշխանության այդ դասը չհավատա հանկարծ արդիականացման եւ փոփոխության մասին իր խոսքին, որովհետեւ եթե հանկարծ նրանք հավատան, կարող է այլեւս չծառայեն նախկին էնտուզիազմով եւ նվիրվածությամբ:
Նոր Հայաստանի մասին հավաստիացումները, բացարձակապես չեն համատեղվում, չեն ներդաշնակվում Սերժ Սարգսյանի շնորհած նոր կոչումներին: Եվ որքան շատ է նա շնորհում այդօրինակ կոչումներ, այդքան ավելի են շնորհազրկվում արդիականության մասին նրա հայտարարությունները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment