Wednesday, February 1, 2012

Ամուսնալուծությունն առավել վնասակար է երիտասարդ տարիքում

Tert.am. 31-1-2012- Ամուսնալուծությունը առավել խիստ է վնասում երիտասարդ զույգերի առողջությանը, քան մեծահասակներին: Նման եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Social Science & Medicine պարբերականի փոխանցմամբ` սոցիոլագիայի դոցենտ Հուի Լյուն (Hui Liu) ուսումնասիրել է Americans’ Changing Lives ազգային երկարաժամկետ հետազոտության տվյալները: Մասնավորապես, նրան հետաքրքրել է 15 տարի ամուսնությունը պահպանած և այդ ժամանակահատվածում ամուսնալուծված հետազոտության մասնակիցների առողջական վիճակների տարբերությունը: Ամրապնդելով նմանատիպ նախորդ ուսումնասիրությունների պնդումները, պարզվել է, որ ամուսնացածները կարող են պարծենալ ավելի կայուն առողջությամբ, քան ամուսնալուծվածները: Նաև, պարզվել է, որ առկա տարբերությունը աճում է, որքան փոքր է ամուսնալուծությունն ապրելու տարիքը: Օրինակ` 35-41 տարեկանում ամուսնալուծվածների մոտ առողջական խնդիրները զգալիորեն ավելի շատ են, քան 44 – 50 տարեկան հասակում այդ քայլին դիմածներինը: Նմանատիպ հարաբերակցություն է նաև մյուս տարիքային խմբերի պարագայում: Հատկանշական է, որ ուսումնասիրության 15 տարիների ընթացքում այն մասնակիցները, որոնք ամուսնացած կամ միայնակ են եղել, նրանց առողջության մակարդակը չի փոխվել: Փաստորեն առողջության վատթարացման վրա ազդել է ոչ թե ինքնին ամուսնացած լինելը, այլ ամուսնալուծությունը:

No comments: