Monday, February 13, 2012

Էրդողան. Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից

News.am. 13-2-2012- Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` Ֆրանսիան, ըստ էության, դարձել է ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը եւ պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այդ մասին ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այցելել է Հայաստան, եւ եթե լսել եք նրա հայտարարությունն այնտեղ, ապա մեզ մոտ ոչ մի կասկած չի մնում, որ նա ակնհայտորեն պաշտպանել է հայերին եւ այդպիսով օժանդակել է հակամարտող կողմերից մեկին: Իհարկե, այդ գործողություններից հետո Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից: Եթե Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, այդ հակամարտության գործում ղեկավարող դեր կգրավեն ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, եւ ես ենթադրում եմ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջամտի այդ հարցին եւ որոշում ընդունի: Ոչ ոք իրավունք չունի այդքան ժամանակ տանջել Ադրբեջանին: Բոլորը այժմ սպասում են հակամարտության լուծմանը, եւ մենք հույս ունենք, որ որոշում կընդունվի եւ տարածաշրջանի բոլոր խնդիրները կմնան անցյալում»,-նշել է նա: 1news.az-ը հաղորդում է, որ թուրք վարչապետը գոհունակություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում ցուցաբերած դիրքորոշման կապակցությամբ: «Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է միշտ կողք կողքի լինեն, ոչ միայն այդ, այլ նաեւ մյուս հարցերում: Ինչպես ասել է խոշոր առաջնորդ Հեյդար Ալիեւը, մենք մեկ ազգ ենք, երկու պետություն, միասին էլ կգնանք դեպի լուսավոր ապագա»,-ասել է նա:

No comments: