Wednesday, February 1, 2012

Ի՞նչ է վճարում Հայաստանը արտագաղթ կոչված տնտեսական ճյուղի դիմաց

1in.am. 1-2-2012- Հայաստանի անկախության երկու տասնամյակի ընթացքում մեր երկիրն անցել է արտագաղթի տարբեր տեսակների բովով՝ իր յուրահատկություններով ու հետևանքներով: Վերջին տարիներին արձանագրվող արտագաղթի պատճառները տարբերվում են անկախության առաջին տասնամյակին դրսևորված արտագաղթի պատճառներից: Հենվելով նեոկլասիկ տնտեսական մոտեցումների վրա` հետազոտողները բացահայտել են Հայաստանի անկախության առաջին տասնամյակում աշխատանքային արտագաղթի դիմելու պատճառները: Այն բացատրվում է տնտեսական գործոնով և աշխատանքային արտագաղթն էլ տնային տնտեսությունների ռազմավարությունն է եղել, որպեսզի գոյատևեն տնտեսական կոլապսի պայմաններում: Սակայն կյանքը ցույց է տվել, որ արտագաղթը տնտեսական գործոնով պայմանավորելը միայն անկախության առաջին տասնամյակին էր բնորոշ: ՀՀ քաղաքացիների` անկախության երկրորդ տասնամյակում գրանցված արտագաղթի տեմպերը այլևս չեն տեղավորվում տնտեսական գործոնի բացատրությունների շրջանակում: Նկատենք, սակայն, որ ասվածն ամենևին չի նշանակում տնտեսական գործոնի ամբողջական հերքում, քանզի այն դեռևս շարունակում է մնալ Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջանների բնակիչների արտագաղթի պատճառ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ շրջաններում աղքատության մակարդակը չափազանց բարձր է: Բայց ասվածը միայն ցույց է տալիս, որ արտագաղթի միայն տնտեսական բացատրությունը չի կարող ամբողջությամբ լույս սփռել երկիրը լքողների թվի աճի պատճառների վրա, որ այսօր արտագաղթող երիտասարդների նպատակը միայն հաց վաստակելուն չի մղված: Արտագաղթի պատճառներն ուսումնասիրելիս շատ հաճախ խոսում են այդ երևույթի պատմական արմատների մասին` բացատրելով ներկայիս արտագաղթը նրանով, որ դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում հայերն արտագաղթն օգտագործել են որպես պատասխան իրենց բարդագույն կացության: Ավելին, հայ հասարակության մեջ արմատավորված այս երևույթը բացատրվում է նաև 1915-1923թթ. դեպքերով, երբ հայ ժողովրդին բռնությամբ զրկեցին Հայրենիքից և հենց ցեղասպանության հետևանքով երկար տարիների ընթացքում հայերի համար հայրենիք համարվել է Երկիրը, որից նրանք զրկվել են, իսկ ներկայիս հայրենիքը, պետությունը խորթ է նրանց համար: Այս բացատրությունը ևս կարևոր է, սակայն պետք է նաև հաշվի առնել արտագաղթի մերօրյա պատճառները, որոնք առավել նոր են: Հայ հասարակության արտագաղթի տեմպերի աճի նորօրյա դրսևորումների պատճառ կարելի է համարել Եվրոպական միության երկրների միգրացիոն քաղաքականության փոփոխությունները, որոնք հիմնված են միգրանտի իրավունքների պաշտպանության և աշխատանքի ու կրթության շուկաների բարելավման սկզբունքների վրա: Եվրոպան նպատակամղված ավելացնում է բարձր որակավորում ունեցող մարդկանց միգրացիան և ստեղծում իր հովանավորությամբ բավարար պայմաններ վերջիններիս աշխատանքի և կրթության համար: Հենց կրթությունն ու աշխատանքը Եվրոպայում այն հիմնական դրդապատճառներն են, որոնք Հայաստանի նման երկրներին դարձրել են դոնոր եվրոպական միգրացիայի համար: Հայաստանը չէր կարող շրջանցել եվրոպական միգրացիոն փոփոխությունները և չդառնալ դոնոր երկիր, քանզի մեր երկիրը ակտիվ հարաբերությունների մեջ է եվրոգոտւ երկրների հետ, մեր կրթական համակարգը ներգրավված է բոլոնյան գործընթացի մեջ: Եվ այս ամենը մեծ դեր է խաղացել արտագաղթի երիտասարդական նկարագիր ստանալու գործում` երիտասարդներն այսօր կազմում են մեկ տասներորդ մասը Հայաստանից արտագաղթողների մեջ: Բայց եվրոպական միգրացիոն քաղաքականության համար դոնոր հանդիսացող երկրների կառավարությունները չպետք է մեծ ոգևորությամբ հետևեն երկրից ուղեղների արտահոսքի գործընթացին: Այս գործընթացի հետևանքները կարող են լուրջ լինել, բայց հարց է, թե արդյոք նույն Հայաստանի կառավարությունը կկարողանա՞ ստեղծել այս գործընթացին հակազդող լծակներ: Նման քայլ անելն, իհարկե, անհրաժեշտություն է: Դիտարկենք հայաստանյան արտագաղթի նորօրյա նկարագիրներից ևս մեկը, որն էլ բացատրվում է Ռուսաստանի վարած միգրացիոն քաղաքականությամբ: Հիշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տասնամյակում Ռուսաստանը մի երկիր էր, որը միգրանտների հոսքի կարիքն ուներ, իսկ ԽՍՀՄ կազմի մյուս երկրները հանդիսանում էին դոնոր այդ գործընթացում և ապահովում էին աշխատավոր ուժ Ռուսաստանի համար: Բայց չնայած դրան, Ռուսաստանում միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունք կար և կար ցանկություն` պաշտպանել երկիրը նրանց հոսքից: Սակայն երբ 2010թ. պարզ դարձավ, որ Ռուսաստանի բնակչությունը կրճատվել է 10 միլիոնով եկողների և գնացողների թվաքանակի անհավասարակշռության հետևանքով, ռուսաստանյան իշխանությունները գիտակցեցին, որ անհրաժեշտ է փոխել միգրացիոն քաղաքականությունը և այն ավելի գրավիչ դարձնել դոնոր երկրների համար: Այստեղ նաև կար նպատակ արժանի մրցակից դառնալ եվրոպական միգրացիոն քաղաքականությանը: Եվ քանի որ հայ «գաստարբայտերների» վարկանիշը բավականին բարձր է Ռուսաստանում, Հայաստանը մտավ այն երկրների ցանկի մեջ, որտեղ էլ իրացվում էր ռուսական միգրացիոն նոր քաղաքականությունը: Իսկ արդյունքներն, ինչպես տեսնում ենք, իրենց երկար սպասեցնել չտվեցին` ռուսական միգրացիոն քաղաքականությանն արձագանքեց առաջին հերթին նախալեռնային, լեռնային շրջանների և փոքր քաղաքների բնակչությունը, որոնք թողնելով գյուղերում ծերերին ու երեխաներին, գնացին լցնելու ռուսական դատարկ գյուղերը: Ռուսական նոր միգրացիոն քաղաքականությանը արձագանքեցին նաև հայաստանյան բարձր որակավորում ունեցող մասնագետները: Այսպիսով, հստակ է, որ հայաստանյան արտագաղթի բարձր տեմպերի պատճառներից մեկն էլ ռուսական ագրեսիվ միգրացիոն քաղաքականությունն է: Բայց ցավալին այն է, որ այդ քաղաքականության չափազանց արագ իրականացումը վկայում է, որ Հայաստանում այդ ամենի համար պարարտ հող կար` կենսական պայմանները Հայաստանում չեն բարելավվում, իսկ արտագաղթի կանխման կամ գոնե վերահսկման քաղաքականությունը մեր երկրում եղել և մնում է չափազանց իներտ, իսկ հասարակությունն էլ սովոր է իր խնդիրների լուծման ճանապարհը գտնել արտագաղթելու մեջ: Այսպիսով, այս բոլոր գործոնների համակցված ազդեցությունը բերել է այն իրավիճակին, որը մենք այսօր ունենք, և կանխատեսում անելով պետք է նշենք, որ այդ ամենի հետագա շարունակությունն ու խորացումը Հայաստանում կհանգեցնի «Մյուրդալի հանգույցի» (այս արտահայտությունն օգտագործում են` ցույց տալու համար ցանցային բնույթ ստացած արտագաղթի բացասական հետևանքների ամբողջությունը) ձևավորման: Իսկ որպեսզի այդ հանգույցը ավելի խորը տարածում չունենա, անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել փոխելու երկրի ժողովրդագրական և հակամիգրացիոն քաղաքականությունը: Բայց այստեղ էլ հարց է առաջանում` ինչքանով է հնարավոր նման քայլեր իրականացնել Հայաստանում: Առանց խորանալու էլ կարող ենք ասել, որ միայն այն հանգամանքը, որ մեր երկրում չկա իրական բանավեճ արտագաղթի գնի շուրջ, վկայում է, որ Հայաստանում կա հանդուրժողականություն արտագաղթ երևույթի նկատմամբ: Ավելին` իշխանությունները արտագաղթն ընկալում են որպես սոցիալական և քաղաքական խնդիրների լուծման միջոց: Աշխատանքային միգրացիան կարելի է համարել մեր երկրի տնտեսության «մաքուր» ճյուղերից մեկը՝ ելնելով այն դրույթից, որ այն իրենից ներկայացնում է մեծ գումարներ վաստակելու նպատակով միգրանտների կողմից իրականացվող միատեսակ գործողությունների համակցություն: Եվ հենց այս ճյուղի «շնորհիվ», որի մեջ ներգրավված է Հայաստանի բնակչության մեկ երրորդը, Հայաստանի ընտանիքների մեծամասնությունը կարողանում է ապրել, և կրճատվում է ճնշումը աշխատանքային շուկայի վրա, ինչու ոչ` լցվում է պետական բյուջեն: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը, այս ճյուղի արդյունավետությունը միանշանակ չէ, չէ՞ որ Հայաստանում որևէ մեկը երբևէ չի հաշվել, թե արտագաղթ կոչված այդ տնտեսության ճյուղի համար ինչ է վճարում Հայաստանը: Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում համեմատել այդ թվերը, իշխանությունները նաև վախենում են քայլեր ձեռնարկել արտագաղթի դեմ, քանզի դա կհանգեցնի տրանսֆերտների նվազմանը և գործազրկության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի հասարակության մեջ սոցիալական հակազդեցության բարձրացման: Հենց վախն այս ամենից ստիպում է Հայաստանի իշխանություններին կախում ունենալ արտագաղթից: Իսկ կախումը արտագաղթից ստիպում է պասիվ դիրքորոշում ունենալ արտագաղթի կանխմանն ուղված քայլեր ձեռնարկելու գործում, ինչպես նաև հայ միգրանտների շահերը պաշտպանելու հարցերում: Կախումը արտագաղթից նաև թույլ չի տալիս իշխանություններին գիտակցել աննախադեպ չափերի հասած արտագաղթի վտանգը երկրի և հասարակության համար: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կհակադարձեն` ասելով, թե հասարակությունը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է արտագաղթի խնդիրներին, և դա արտահայտվում է փորձագետների և մասնագետների շուրթերով: Բայց արտագաղթի գնի շուրջ քննարկումների վրա հստակ երևում է տնտեսական մոտեցման և դրանից կախվածության կնիքը: Հիմնական փաստարկը, որ բերվում է` տրանսֆերտների մեծությունն է, բայց դա արվում է առանց համեմատելու այդ թիվը արտագաղթի գնի հետ: Եվ որպեսզի ապացուցենք այդ փաստարկի թույլ լինելը, ներկայացնենք տրանսֆերտների մակարդակը և դրա մասնաբաժինը արտագաղթի համար դոնոր երկրների ՀՆԱ-ում: Ռուսաստանով մեկ իրականացված միգրանտների հարցման արդյունքները վկայում են, որ Մոլդովայի բնակիչը 2011-ին ամեն ամիս Ռուսաստանից իր ընտանիքին է ուղարկել միջինը 110 դոլար, ադրբեջանցին՝ 133, հայը՝ 130, ուզբեկը՝ 52, վրացին՝ 86, տաջիկը՝ 51 դոլար: Իսկ ողջ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացին Ռուսաստանից իր ընտանիքին է ուղարկել 4810 դոլար, ադրբեջանցին՝ 5852, վրացին՝ 4042, մոլդովացին՝ 2750 և այլն: Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստան ուղարկված միգրադոլարների նշանակությունը չափազանցված է: Այս թվերը գալիս են ցրելու բոլոր այն պատրանքները, որոնք միգրացիան ներկայացնում են որպես տնտեսության առանձին և մաքուր ճյուղ և գնահատում դրա արդյունավետությունը: Բայց, ցավոք, ոչ ոք այս ամենից դասեր չի քաղում: Ու այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հասարակությունն ու իշխանությունը չանեն եզրակացություն այն բանից, որ մեր գլխին կախված «Մյուրդալի հանգույցը» արդեն իսկ վերածվել է ժողովրդագրական խնդրի և կարող է ձգվել այն աստիճան, որ առաջանա պետականության և երկրի կորստի վտանգ: Եվ այդ վտանգը կառաջանա, եթե մենք չգիտակցենք, որ արտագաղթն արդեն ցանցային երևույթ է դարձել, և ինչքան այն խորանա, է՛լ ավելի դժվար կլինի այն կանգնեցնել, եթե մենք չկարողանանք ազատվել արտագաղթի կախումից, եթե չգտնենք համապատասխան քայլեր, որոնք կլինեն պատասխան այլ երկրների վարած միգրացիոն քաղաքականությանը: Հայաստանի հայաթափման հարցը հենց այնպես ու ինքն իրեն չի լուծվի: Այս խնդիրը ոչ մի տեղ էլ չի չքանա, և երկիրը հայաթափելու համար պատասխանատվություն են կրում իշխանություններն ու էլիտան, ինչպես նաև այս սերունդը, որը չկարողացավ կառուցել այնպիսի երկիր, որը կդառնար հայերի հայրենիք, որտեղ հաճելի է ապրել: Հայաստանի հայաթափման համար պատասխանատվություն են կրում բոլոր նրանք, ովքեր անտարբեր հետևում են, թե ինչպես է երկիրը կորցնում իր բնակիչներին, իսկ հայ երեխաները ծնվում են բոլորովին այլ երկրներում, թե ինչպես են տները դատարկվում: Այս ամենի համար պատասխանատվություն են կրում բոլոր նրանք, ովքեր չեն գտնում կամք և համառություն հակամիգրացիոն արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար: Պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր չեն գիտակցում, որ պարզունակ համերգներով և «արի տուն» կոչերով ոչինչ չի ստացվի՝ հային տուն չես վերադարձնի: Հեղինակը փիլիսոփայության դոկտոր, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է:

No comments: