Wednesday, February 8, 2012

«Huffingtonpost». Թուրքիան միայնակ կմնա

Panorama.am. 8-2-2012- «Huffingtonpost» պարբերականը տպագրել է հրեական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Աբրահամ Ֆոքսմենի` «Թուրքիայի վտանգավոր դիվանագիտությունը» խորագրով հոդվածը: «Տասնամյակներ շարունակ Թուրքիան եղել է ժողովրդավարության «փարոս»: Սակայն ժողովրդավարության լույսը սկսել է մարել: Թուրքական մեդիահսկա «Dogan Holding» ընկերությունը մտավախություն է արտահայտել այն բանի կապակցությամբ, որ Էրդողանի կառավարությունը փորձում է քայքայել թուրքական հասարակության աշխարհիկ հիմքերը»,- նշված է հոդվածում «Ամենաանհանգստացնող հանգամանքը՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2010 թ. ազատ խոսքի ինդեքսով հրապարակված զեկույցն էր, որտեղ Թուրքիան 178 երկրների շարքում զբաղեցրել է 138-րդ տեղը: Իսկ Թուրքիայի լրագրողների միության տվյալների համաձայն, ներկայումս Թուրքիայի բանտերում 97 լրագրողներ են պահվում: Թուրքիայի իշխանությունները ոչ ժողովրդավարական վերաբերմունք են դրսևորում նաև Թուրքիա-Իսրայել հարաբերություններում, որոշում, որը կարող է հանգեցնել ծայրաստիճան վտանգավոր կետի»,-նշված է հոդվածում: «Թուրքիա-Իսրայել հարաբերություններում առկա խնդիրների համար լուծումներ մշակելու փոխարեն, Թուրքիայի վարչապետ Էրդողանը և ԱԳ նախարար Դավութօղլուն Իսրայելի դեմ դիվանագիտական սադրանքների են դիմում»: Թուրքիայի մաշված ժողովրդավարությունը և նոր արտաքին քաղաքականությունը կհանգեցնեն նրան, որ Թուրքիան Արևմուտքում վտանգավոր բախումներ կունենա իր դաշնակիցների հետ: «ՀԱՄԱՍ»-ի նման ահաբեկչական խմբավորումների հյուրընկալումը երկրի տարածքում կհանգեցնի նրան, որ Թուրքիան ԱՄՆ-ից և Իսրայելից կմեկուսանա»,- նշված է հոդվածում:

No comments: