Thursday, March 15, 2012

«Թեհրանն այսօր». Նախիջևանի հարցն Ադրբեջանին ստիպում է հաշվի նստել Իրանի հետ

Panorama.am.14-3-2012- Նախիջևանի հարցն Ադրբեջանին ստիպում է հաշվի նստել Իրանի հետ: Այդ մասին նշված է «Թեհրանն այսօր» օրաթերթում թողարկված հոդվածում: Հոդվածի հեղինակը, մատնանշելով իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունն ու վերլուծելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` օրերս Թեհրան կատարած այցի արդյունքները, նշում է. «Ադրբեջանը հայտնվել է պարադոքսալ իրավիճակում. Մի կողմից ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը հակաիրանական դիրքորոշում ունենա (դա նկատվում է Ադրբեջանի խորհրդարանական ուժերի և առանձին գործիչների մոտ), իսկ մյուս կողմից, անվտանգության տեսանկյունից այդ երկիրն Իրանի կարիքն ունի, քանի որ Նախիջևանը ցամաքային սահմանով կապված է ոչ թե Ադրբեջանի, այլ Իրանի հետ, ուստի Ադրբեջանը ստիպված է այդ շրջանի անվտանգության ապահովման համար թուլացնել լարվածությունը»: Հիշեցնենք, որ վերջերս Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին, անդրադառնալով Իսրայելի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրին, նշել էր, որ Իրանը Նախիջևանի նկատմամբ պետք է վերանայի իր քաղաքականությունը: Հավելենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, օրերս անդրառնալով նախիջևանյան թեմային, գրել էր, Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիրանական քաղաքականությունը գնալով ավելի է սաստականում, գրում է. «20 տարի առաջ, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտության արդյունքում Ադրբեջանի կապն ընդհատվեց Նախիջևանից, Իրանի տարածքով օրական հարյուրավոր բեռնատարներ և ավտոբուսներ են շարժվում դեպի Նախիջևան, ինչի արդյունքում էլ այդ տարածքը զերծ է մնում հումանիտար աղետից»:

No comments: